Բաղրամյան 26-ում փետրվարի 27-ի երեկոյան հրավիրված խորհրդակցությունը, որին մասնակցում էր նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, ուշագրավ էր մի քանի առումով: Իհարկե, սա առաջին դեպքը չէ, երբ վարչապետը մասնակցում է նախագահականում կայացող հանդիպման, սակայն սա առաջին դեպքն է, երբ նա մասնակցում է սոցիալ-տնտեսական իրավիճակի, տնտեսական աճի, հեռանկարների թեմայով խորհրդակցության: Ընդ որում, մեսիջները, որոնք Կարապետյանը ստացավ Սերժ Սարգսյանից, ընդհանուր առմամբ կարելի է դրական համարել: Սարգսյանը հստակ նշաձող չէր սահմանել Կարապետյանի կառավարության առջև, ինչպես օրինակ՝ Տիգրան Սարգսյանի կաբինետի առջև: Հենց այդ սահմանված նշաձողին չհասնելու արդյունքում էլ Սարգսյանը, ըստ էության, հեռացավ զբաղեցրած պաշտոնից: Թեև հայտնի չէ, թե որն էր Սերժ Սարգսյանի՝ Կարապետյանի առջև դրված պլանը, սակայն նախագահականում կայացած խորհրդակցության ընթացքում Սարգսյանը հայտարարեց, որ այն կարող է նույնիսկ գերակատարվել:
Իսկ սա արդեն իսկ նշանակում է, որ նախագահը դրական է գնահատում Կարապետյանի մեկ տարվա գործունեությունը: Մյուս կողմից, հարց է առաջանում ինչո՞ւ հանկարծ Սարգսյանը որոշեց նման խորհրդակցություն հրավիրել, եթե նա չի հետապնդում վարչապետ Կարապետյանին հեռացնելու քաղաքական ծրագիր: Այս խորհրդակցությունը իհարկե չի ցրում ապրիլի ինտրիգը, քանի որ անում է նաև երկիմաստ հայտարարություններ: Մասնավորապես, նա խոսում է այն մասին, որ աճի ցուցանիշները դեռ պետք է համադրվեն, և վերջնական գնահատականը կտան այդ ժամանակ: «Ակնհայտ է, երբ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակի վերջնական ցուցանիշները, մենք մեր ճշգրտումները, իհարկե, մտցնելու ենք»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Ի՞նչ ճշգրտումներ են դրանք, և ինչպե՞ս են այդ ճշգրտումները ազդելու ներքաղաքական վերադասավորումների վրա: Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը պարզապես մանևրելու տարածություն է թողնում, ընդ որում՝ ինչպես իր, այնպես էլ Կարեն Կարապետյանի համար: Չի բացառվում, որ այս ծրագրով Կարեն Կարապետյանի յուրօրինակ «շնորհակալության» հերթն է: Որին կհաջորդի մեծամասնության կոչ-պահանջը Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս համաձայնի դառնալ ՀՀԿ վարչապետի թեկնածուն:
Այն, որ Սարգսյանը քաղաքականության մեջ, ինչպես և շախմատում՝ հաշվարկում է մեկ, նույնիսկ երկու քայլ առաջ՝ փաստ է: Դրա մասին են վկայում նաև այս օրերին տեղի ունեցող ուշագրավ փոփոխությունները՝ պայմանավորված նախագահի ընտրության քննարկման և ընտրության օրվա հետ: Նախապես պլանավորված էր քննարկումը և ընտրությունն անցկացնել մարտի 2-ին, սակայն ՀՀԿ-ն առանց որևէ հիմնավորման այն տեղափոխել է այն մարտի 1-ը: Այդ օրը, ինչպես գիտենք՝ ընդդիմությունը նախատեսում է անցկացնել հանրահավաք և երթ: Չի բացառվում, որ ՀՀԿ-ն նման քայլի է գնացել՝ ՀԱԿ նախաձեռնությունը և հանրային ռեզոնանսը ստվերելու ցանկությամբ: Նման բան արդեն տեղի է ունեցել, երբ Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանին նախագահի ՀՀԿ թեկնածու լինելու առաջարկ արեց այն նույն օրը, երբ ԵԼՔ դաշինքը բողոքի երթ էր անցկացնում ընդդեմ գնաճի:
Ստելլա Խաչատրյան