Ազգային ժողովն այսօր Կառավարության առաջարկով սկսել է արտահերթ նստաշրջանի աշխատանքները:

 

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին հարց չուներ տալու, քանի որ վերջինս նախորդ անգամ ստել էր: Փաշինյանը նշեց, որ իր կարծիքով' «կռուտիտն» այն ժանրը չէ, որով նախարարը պետք է շփվի ՀՀ քաղաքացիների և ԱԺ-ի հետ։

 

«ԱԺ-ում դեկտեմբերի 17-ի լսումների ժամանակ դուք ասացիք, որ գազի գինը փոխվել է 2011-ի ապրիլի 1-ից, ընդ որում, ձեր մասնակցությամբ է տեղի ունեցել այդ որոշումը։

 

Հետո մարդիկ ասացին' ինչո՞ւ չեք ասել, ասացիք' ո՞վ է հարցրել, որ ասեմ։

 

Հարցրել են լրագրողները' 2012-ի փետրվարի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ, և դուք ասել եք, որ նման բան չկա։

 

Հարցրել եմ ես' 2013-ի մայիսի 23-ին' Աժ-ում լսումների ժամանակ, և դուք հերքել եք այդ փաստը: Այժմ էլ պատգամավորների հարցերին կոնկրետ պատասախաններ չեք տալիս»,-ասաց Փաշինյանը։

 

Ըստ Փաշինյանի' եթե իրենք ՔԿՀ-ում լինեին, ինքը կհասկանար հարցերին պատասխանելու այդ ձևը.

 

«Եթե ՔԿՀ-ում լինեինք, կհասկանայի հարցերին պատասխանելու այս ձևը, բայց, ներողություն այս բառի համար, «կռուտիտն» այն ժանրը չէ, որով նախարարը պետք է շփվի ՀՀ քաղաքացիների և ԱԺ-ի հետ։ Այս կոնտեքստում ես ուղղակի անիմաստ եմ համարում ձեզ որևէ հարց տալը, որովհետև հարց տալ' նշանակում է ակնկալել, որ պատասխանողը ճշմարտության որևէ դրվագ կունենա իր մեջ։ Ես ձեզ հարց չունեմ տալու նաև այն պատճառով, որ դուք' որպես նախարար, չպետք է այստեղ կանգնած լինեիք, քանի որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այն կառավարությունը, որը 7% տնտեսական աճ չապահովի, պետք է հրաժարական տա, բայց դուք մինչև հիմա հրաժարական չեք տվել, ինչից կարելի է ենթադրել, որ այս կառավարությունը դուրս է եկել Սերժ Սարգսյանի վերահսկողությունից»:

 

Վերջինս նշեց նաև, որ ԱԺ-ի դիմաց հակապետական որոշման դեմ ակցիա է ընթանում, որի ժամանակ ոստիկանները կրկին բռնություն են կիրառում։

 

«Ակցիա են անում հակապետական պայմանագրի վավերցման պատճառով, և ոստիկանությունը կրկին սկսել է իր գործողություններն իրենց կարծիքն արտահայտող քաղաքացիների նկատմամբ, և արդեն մի քանի մարդկանց, գուցե, 10-ից ավելի, լցրել են ոստիկանական մեքենաները։ Ես պահանջում եմ անհապաղ ազատ արձակել ակտիվիստներին՝ հնարավորություն տալով նրանց իրականացնել Սահմանադրության պահանջները»,-ասաց նա։