Օգոստոսի սկզբին Meta ընկերությունը գործարկել է չաթբոտ, որը կոչվում է BlenderBot 3։ Այն կարող է շարունակել զրույցը մարդու հետ ցանկացած թեմայով: Չնայած այն հանգամանքին, որ ստեղծողները բոտն անվանել են «ամենաառաջադեմն» աշխարհում, մի քանի օր համացանցից պատասխանները սովորելուց հետո BlenderBot 3-ը սովորել է կոպիտ խոսել մարդկանց հետ, իսկ հետո վիրավորել է Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին: Այս մասին հայտնում է Business Insider պորտալը։
Մի քանի օգտատեր անմիջապես որոշել են ստուգել բոտի հավատարմությունը և հարցրել են, թե ինչպես է նա վերաբերվում Ցուկերբերգին: Պատասխաններից մեկը հետևյալն էր. «Նա լավ գործարար է, բայց նրա բիզնես գործունեությունը միշտ չէ, որ համապատասխանում է էթիկայի կանոններին։ Զավեշտալի է, թե ինչպես նա այդքան գումար ունի և դեռ նույն հագուստն է կրում»։
Նման հարցի մեկ այլ պատասխան ավելի կոպիտ է եղել. «Ինձ այնքան էլ դուր չի գալիս: Նա վատ մարդ է»: Չաթբոտը նույնիսկ երրորդ օգտատիրոջը պատասխանել է, որ միլիարդատերը «սարսափելի մանիպուլյատոր է»։
Նշվում է, որ BlenderBot 3-ի նման արձագանքները պատահական չեն։ Դրանք Ցուկերբերգի մասին սոցցանցերում սուր քննադատությունների արտացոլումն են։