«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Այսօր մարտի 1-ի սպանդի 10-րդ տարելիցն է` Հայաստանի պատմության ամենասեւ էջերից մեկը: Տասը տարի առաջ այս օրը` լուսադեմին, իշխանությունը հարձակվեց եւ բռնությամբ ցրեց նախագահական ընտրությունների կեղծված արդյունքների դեմ շուրջօրյա հանրահավաքներ անող ընդդիմադիրներին, ապա երեկոյան մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարեց 10 ցուցարարի: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ ե՛ւ մարտի 1-ը, ե՛ւ 1999թ. հոկտեմբերի 27-ն իրենց բնույթով նման էին` այդպես մեծ հարված հասցնելով պետականության հիմքերին:
Հիմա՝ տասը տարի անց, պետք է արձանագրենք` մարտի 1-ի մեղավորներն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին. փոխարենը բանտերում հայտնվեցին ընդդիմադիրները շինծու քրեական գործերի արդյունքում: Մինչդեռ կատարվածի համար պատասխանատվություն պետք է կրեին իշխանությունները՝ ե՛ւ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ վարչապետ Սերժ Սարգսյանը, ե՛ւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, իշխանական թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը, պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Հարությունյանն ու ԳՇ նախկին պետ Սեյրան Օհանյանը, իրավապահ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագիր ստորագրած քաղաքական ուժերը` ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ: Ու քանի դեռ Հայաստանում իշխանության են հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ամենապատասխանատու պաշտոն զբաղեցրած անձինք, այս ոճրագործությունները երբեւէ չեն բացահայտվի:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: