Ինչպես արդեն գրել ենք, օրերս մեր խմբագրություն դիմած քաղաքացին հայտնել էր, որ Հարավկովկասյան երկաթուղու գանցքներով երթևեկելը խիստ վտանգավոր է քաղաքացիների համար, քանի որ անհրաժեշտ պայմաններ գնացքի վագոններում ապահովված չեն: Քաղաքացին, մասնավորապես, շեշտել էր գնացքի վագոնում օդափոխության համակարգի բացակայության մասին, ինչի հետևանքով ջերմաստիճանը վագոնում հասնում է 50 աստիճանի: 
 
Հոդվածի հրապարակումից հետո մեզ դիմած քաղաքացին մի խումբ անձանց հետ ստորագրահավաք էր կազմակերպել և նամակով դիմել ՀԿԵ ընկերության տնօրինությանը, որտեղից նրանց պատասխանել են, որ Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ում նիստ է գումարվել, որի ընթացքում մեղավորները նկատողություն են ստացել և նրանց նկատմամբ կիրառվել է ադմինիստրատիվ ռեսուրս, որից հետո որոշում է կայացվել, որ վագոնների պատուհանները պետք է բացվեն եւ լինեն բանալիով, որը կպահվի ուղեկցորդի մոտ՝ անհրաժեշտության դեպքում դրանք բացելու համար. «Պատասխանի մեջ նշված է նաև, որ առաջիկայում կկայանա ընկերության ֆինանսական նիստ, որի ընթացքում կքննարկվի նաեւ ուղեւորներին ֆինանսական փոխհատուցում տրամադրելու հարցը և սրա մասին կտրվի լրացուցուցիչ տեղեկատվություն»։
 
Թե ինչ որոշում կկայացվի ընկերության ֆինանսական  նիստից հետո և արդո՞ք Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության գնացքի վագոններում համապատասխան ջերմաստիճանի ապահովման համար կիրականացվեն գործուն քայլեր, ԼՈւՐԵՐ.com-ը հետամուտ կլինի և կներկայացնի ավելի ուշ: