ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի առաջարկած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր խորհրդարանում իր ելույթում, խոսեց երկրում առկա անհանդուրժողականության, խորացող սոցիալական լարվածության մասին: Իրեն առաջադրած քաղաքական ուժին նախագահի թեկնածուն, փաստորեն, մեղադրում է «բեռլինյան պատեր» կառուցելու եւ սոցիալական բեւեռացվածություն ստեղծելու մեջ:
Անչափ ուշագրավ էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի արձագանքը: Լրագրողների հետ զրույցի ընթացքում Հանրապետական պաշտոնյան հայտարարել է մասնավորապես հետևյալը՝ «Դուք տարեգրությունը նայեք: Մենք որեւէ քննադատությունից չենք խուսափում: Քաղաքական զարգացումներն առաջ են ընթանում: Կարող է՝ 20-30 տարի առաջ, ովքեր որ եղել են իշխանության մեջ, կարող է բացթողումներ ունեցել են: Կարող է նաև ՀՀԿ-ն է եղել, բայց 1990-ականներին ՀՀԿ-ն չի եղել իշխանության մեջ, ես ինչքան գիտեմ»:
Ստացվում է՝ Հայաստանում տիրող գաղջ վիճակի համար, ըստ Բաղդասարյանի, մեղավոր են բոլորը, բացի օրվա իշխանություններից, ասել է թե՝ բացի ՀՀԿ-ից: Սա պատասխանատվությունից խուսափելու դասական քայլ է, որին մեր հասարակությունն արդեն իսկ վարժվել է: Իրավիճակը նոր է լինելու միայն Արմեն Սարգսյանի համար, ում այս պահին դժվար է անվանել գործող համակարգի մասնիկ: Հենց դրա վրա էր շեշտը դնում Սերժ Սարգսյանը՝ Արմեն Սարգսյանին առաջադրելով ՀՀ նախագահի պաշտոնում: Եթե Սարգսյանն իրականում ցանկանում է արմատական բարեփոխումներ իրականացնել, դժվար է պատկերացնել՝ ինչպես է նա պատկերացնում իր ծրագրերի իրականացումը քաղաքական մեծամասնության համատարած անպատասխանատվության մթնոլորտում:
Ստելլա Խաչատրյան