Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հանրաքվեի մասին» նոր օրենքի նախագծին, որը կքննարկվի մարտի 6-ին հրավիրված արտահերթ նիստի ընթացքում: «Հանրաքվեի մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրեց հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի
առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
ՀՀ արդարադատության փոխնախարարը հստակեցրեց, որ օրենքը կարգավորում է հանրաքվեի անցկացման սկզբունքների, հանրաքվեին մասնակցելու իրավունքի, հանրաքվեի դրվող հարցերի, նախագիծը հանրաքվեի դնելու կարգի, հանրաքվեի դրվող նախագծի հրապարակման, հանրաքվեի նշանակման, կազմակերպման, արդյունքների ամփոփման, հանրաքվեի դրված ակտերի ուժի մեջ մտնելու և հանրաքվեի փաստաթղթերը պահպանման հանձնելու հետ կապված հարաբերությունները: «Հանրաքվեին կարող են մասնակցել հանրաքվեի օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք»,- հստակեցրեց Արթուր Հովհաննիսյանը:
Փոխնախարարը ներկայացրեց նաև այն հարցերի շրջանակը, որոնք պետք է կամ կարող են դրվել հանրաքվեի: Մասնավորապես հանրաքվեի են դրվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը, Սահմանադրության որոշ հոդվածներում փոփոխություններ կատարելու նախագծերը, վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը:
Հանրաքվեի կարող են դրվել քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագիծը, եթե դրա ընդունումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից մերժվել է: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 204-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները կարող են փոփոխվել միայն հանրաքվեով:
Արթուր Հովհաննիսյանը նաև նշեց, որ նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ընտրական իրավունք ունեցող առնվազն 200.000 քաղաքացի: «Նախագիծը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, որը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով երկամսյա ժամկետում քննարկում է նախագիծը և կայացնում որոշում: Նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով»,- հստակեցրեց Հովհաննիսյանը:
Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ հարցն ընդգրկեց լիագումար նիստերի օրակարգում: Նախագիծը կքննարկվի մարտի 6-ին կառավարության հրավիրած արտահերթ նիստի ընթացքում: