«Պլանավորել ամբողջ տարվա խաղացանկը»,- մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի նախորդ շաբաթվա հանձնարարականն է և վերաբերում է պետական բոլոր ստեղծագործական կոլեկտիվներին:
Տեղակալ Արթուր Պողոյսանն այսօր փոխանցեց հանձնարարականի առնչությամբ թատրոնների պատասխանատուների առարկությունները.
«Շատերը պնդում են, որ ամբողջ տարվա խաղացանկի պլանավորումն անհնար է՝ պայմանավորված հատկապես նոր ներկայացումների ժամկետներով: Բեմադրիչները հաճախ չեն հասցնում նախատեսված ժամկետում ավարտել ներկայացումը»:
«Միասնական տոմսային համակարգի անցնելուց հետո թատրոններն այլ կերպ աշխատել պարզապես չեն կարող: Հանդիսատեսը պետք է մուտք գործի համակարգ և աչքի առջև ունենա ներկայացումների, համերգների ամբողջ տարվա ծրագիրը: Նա պետք է հնարավորություն ունենա գնելու այն օրվա տոմսը, որն իրեն հարմար է»:
Արմեն Ամիրյանի համոզմամբ, այս ամենի կենտրոնում պետք է լինի հանդիսատեսի շահը. ամեն ինչ պետք է կառուցվի այդ շահի շուրջ:
«Հարցը պարզապես փակվում է, երբ կենտրոնում դնում ենք հանդիսատեսի շահը: Ի վերջո, գոյություն ունի միջազգային փորձ: Աշխարհի հայտնի թատրոնները վաղուց աշխատում են այս սկզբունքով: ԱՄՆ այցելող զբոսաշրջիկը մի քանի ամիս առաջ կարող է գնել, օրինակ, Մետրոպոլիտեն թատրոնի այս կամ այն ներկայացման տոմսը, ըստ այդմ՝ պլանավորել իր ժամանակը: Եվ թող որևէ մեկը փորձի ոտնահարել նրա իրավունքը՝ խաղացանկից հանելով տվյալ օրվա միջոցառումը: Նա կարող է դատի տալ ու մի «կլորիկ » գումար պահանջել»:
Ամբողջ տարվա խաղացանկի պարտադիր պահանջն Արմեն Ամիրյանը կարևորում է հատկապես երկրում զբոսաշրջությունը խթանելու տեսանկյունից.
«Հայաստան եկող զբոսաշրջիկը ռեստորաններից, Գառնի-Գեղարդ-Զվարթնոցից բացի, ոչինչ չի կարողանում տեսնել: Ուզու՞մ եք նրանց հասանելի դարձնել ժամանակակից արվեստը, ուրեմն պետք է պլանավորեք: Օգոստոսի 6-ին ի՞նչ կա Սունդուկյանի անվան թատրոնում, ի՞նչ ենք առաջարկում Հայաստան եկողին: Այսօր մենք գիտե՞նք Մայր թատրոնի օգոստոս ամսվա խաղացանկը, ո՛չ: Ե՞րբ ենք իմանալու՝ հուլիսի վերջին: Հուլիսի վերջին արդեն շատ ուշ է, որովհետև օգոստոսին Հայաստան եկող զբոսաշրջիկի ծրագիրն արդեն պլանավորված է՝ Գառնի-Գեղարդ-խորոված, ու վե՛րջ, գնում է: Ի վերջո, ո՞ւմ շահից է բխում այս պլանավորումը՝ ՊՈԱԿ-ի»:
Տարվա կտրվածքով խաղացանկը պլանավորելու ձևաչափին քայլ առ քայլ հասնելու՝ փոխնախարար Պողոսյանի առաջարկությունը նախարարը չընդունեց: Բարեփոխումները «հենց այս պահին» սկսելու կողմնակից է ինքը:
Նախարարը չընդունեց նաև դիտարկումը, թե խաղացանկը կարող է փոփոխության ենթարկվել ՝ պայմանվորված ընթացիկ միջոցառումներով (հոբելյաններ, պետական, մասնագիտական տոներ և այլն) , որոնք անցկացնելու համար տարվա ընթացքում պարբերաբար տրամադրվում են նախարարության ենթակայության դահլիճները:
«Ի վերջո, գոյություն ունի օրացույց, որով հնարավոր է հստակեցնել այդ ամենը»,- եզրափակեց նախարարը: