ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանն այսօր՝ մարտի 7-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիրների կողմից փողոցային պայքարի հավանական արդյունքներին՝ նշեց, որ միայն այն կուսակցությունը կկարողանա ժողովուրդ հավաքել, որը տեղական ընտրությունների ժամանակ համատարած իշխանություն է ձեռք բերել:

«Մնացած բոլոր կուսակցությունները, որոնք Հայաստանի մասին մեծ երազներ են ներկայացնում, ժողովուրդ չեն կարող հավաքել։ Ընդամենը մարդկանց հավաքում են, մարդիկ բորբոքված մտածում են՝ հեսա վաղը-մյուս օր իրենք լավ են ապրելու, հետո նույն ձևով գնում են տուն»,- նշեց Սահակյանը՝ ավելացնելով, որ ժամանակը ցույց է տվել, որ որևիցե հարց չի կարող լուծվել փողոց դուրս գալու միջոցով։

 

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը ընդդիմադիր ժողովուրդ չէ, այլ պարզապես ժողովուրդ է, որը ուզում է լավ ապրել. «Իր սառնարանում լիքը ապրանք լինի, տնեցիք լավ ապրեն, ժամանակին կարողանան օդափոխվել։ Սա է մեր ժողովրդի լավ վիճակը», - ասաց նա։