Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում կանանց դերը տարեցտարի ավելանում է: 6-րդ գումարման խորհրդարանի 105 պատգամավորներից 18-ը կին են, մինչդեռ նախորդ գումարման Ազգային ժողովի 131 պատգամավորներից 13 էին կին:

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ  մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները Ազգային ժողովում այդքան կին պատգամավոր երբեք չի եղել: Ազգային ժողովի երեք փոխնախագահներից մեկն Արփինե Հովհաննիսյանն է, ով նախկինում զբաղեցրել է նաև ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը: Արփինե Հովհաննիսյանը նաև ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարն է: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավարի պարտականություններն էլ վստահվել են մեկ այլ կին պատգամավորի` ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանին:

 

Ընդհանուր առմամբ 6-րդ գումարման խորհրդարանի կին պատգամավորները բավականին ակտիվ են: Գրեթե բոլոր 4 խմբակցություններում ներգրավված կանայք ակտիվ մասնակցություն են ունենում խորհրդարանում հարցերի քննարկմանը, հարցեր են հնչեցնում, ելույթներ են ունենում: Ակտիվ են հատկապես «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանն ու Մանե Թանդիլյանը, ովքեր մասնակցում են գրեթե բոլոր հարցերի քննարկումներին: Իրենց ակտիվությամբ չեն զիջում նաև «Ծառուկյան» և ՀՀԿ խմբակցությունների կին պատգամավորները, ՀՅԴ խմբակցության միակ կին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

Հայաստանի քաղաքական կյանքում կանանց դերի բարձրացման մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ընդունված Ընտրական օրենսգրքում հստակ ամրագրվել է, որ խորհրդարանական  ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական կուսակցությունների կամ դաշինքների համամասնական ցուցակներում յուրաքանչյուր հնգյակում պետք է առնվազն մեկ կին լինի, ինչի արդյունքում խորհրդարանում կանանց ներկայությունն այս պահին ավելի զգալի է:

Կանայք իրենց ուրույն տեղն ու դերն ունեն ոչ միայն ՀՀ խորհրդարանում, այլ նաև գործադիրում: Մասնավորապես, Սփյուռքի նախարարությունը ստեղծման պահից մինչ օրս ղեկավարում է Հրանուշ Հակոբյանը, իսկ նախկինում արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արփինե Հովհաննիսյանը, մշակույթի նախարարի պաշտոնը` Հասմիկ Պողոսյանը, ով բոլորովին վերջերս նշանակվեց ՀՀ Նախագահի խորհրդական: Կանանց դերը զգալիորեն բարձրացել է ոչ միայն երկրի քաղաքական կյանքում, այլ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Վերջին տարիներին նկատվում է նաև գործարար կանանց թվի զգալի աճ:

Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ, «Արմենպրես»-ը Հայաստանի քաղաքական կյանքում և հասարակական կյանքի այլ բնագավառներում կնոջ դերի և նշանակության, քաղաքական դաշտում կանանց առավել ներգրավվածության հնարավորությունների մասին զրուցել է ԱԺ մի խումբ կին պատգամավորների հետ:

 

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ շատ կցանկանար, որ կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ լիներ ավելին, քան ներկայում է, թեպետ նկատեց, որ նախորդ տարիների դինամիկան ցույց է տալիս, որ դրական տեղաշարժ կա: «Հուսով եմ, որ արդեն հաջորդ գումարման Ազգային ժողովում, ինչպես նաև գործադիր իշխանությունում, կլինեն շատ ավելի մեծ թվով կանայք, որովհետև բազմիցս առիթներ եղել են համոզվել նրանում, որ կանայք իրենց գործի մեջ շատ ավելի պարտաճանաչ են, նպատակասլաց ու հետևողական, քան որոշ տղամարդիկ: Միևնույն ժամանակ որևէ կերպ չեմ կարող թերագնահատել տղամարդկանց դերակատարումը»,- ասաց Տոնոյանը:

Պատգամավորն այն կարծիքին է, որ մենք դեռ անելիքներ ունենք կանանց ու տղամարդկանց իրավահավասարության ամրապնդման, հավասար հնարավորությունների առումով:

Իվետա Տոնոյանը չի կարծում, որ քաղաքականությամբ զբաղվելը կնոջը կարող է խանգարել անձնական կյանքում: Նրա գնահատմամբ`ցանկացած ոլորտում, երբ կինն ունի զբաղվածության որոշակի շեմ, միևնույնն է, եթե աշխատանքի մեջ պրոֆեսիոնալ է, սրտացավ, այն  բավականին շատ ժամանակ է խլում ցանկացած ոլորտում: «Այս դեպքում քաղաքականությունը ևս տանում է որոշակի ժամանակահատված, սակայն եթե կա փոխըմբռնում շրջապատող միջավայրի կողմից, ապա հնարավոր է ամեն ինչ հասցնել և ըստ արժանվույն լինել և քաղաքական գործիչ, և կին, և ընկեր:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը կարծում է, որ  կնոջ դերը և ընտանիքում, և հասարակության մեջ, և քաղաքական կյանքում շատ մեծ է, որովհետև այսօր աշխարհը վտանգներով, ագրեսիայով, չարությամբ լի է, և կանայք իրենց բարությամբ, իրենց մեղմությամբ կարող են որոշակի մթնոլորտ փոխել, ինչ-որ դերակատարում ունենալ: «Ես կարծում եմ, որ մեզ մոտ այդ առաջընթացը տարեցտարի, ընտրությունից ընտրություն զգացվում է, և մեր կանայք հիմա շատ ավելի են ընդգրկված և քաղաքական, և հասարակական կյանքում»,- ասաց Աճեմյանը

Պատգամավորն այն կարծիքին է, որ  Հայաստանի քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության առումով զարգացում կա: «Ես շնորհավորում եմ բոլոր հայ կանանց, ցանկանում եմ, որ նրանք միշտ առողջ ու երջանիկ լինեն և իրենց ներկայությամբ միշտ ներդաշնակություն բերեն և հասարակական կյանքին, և իրենց ընտանիքին»,- եզրափակեց Աճեմյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը բարձր է գնահատում կնոջ դերը կյանքի բոլոր բնագավառներում: Նա կարծում է, որ հիմա Հայաստանում կանայք ավելի շատ են ներգրավված քաղաքական կյանքում, ինչի մասին է վկայում 6-րդ գումարման խորհրդարանում բավականին մեծ թվով կանանց առկայությունը: «Բայց ես կարծում եմ, որ սա բավարար չէ, և այս գործընթացը պետք է շարունակվի:  Սկիզբը դրված է, և մենք, իհարկե, այն կանայք, ովքեր արդեն քաղաքականության մեջ են, ունեն լծակներ, կարող են ազդել հասարակական կյանքի և մտածելակերպի վրա, սա պետք է առաջ տանեն, որպեսզի կարողանան ավելի մեծ թվով կանանց ներգրավել քաղաքականության մեջ»,- ասաց Լուիզա Սարգսյանը:

Պատգամավորը շնորհավորեց բոլոր հայ կանանց մարտի 8-ի կապակցությամբ` ընդգծելով, որ ցանկանում է շնորհավորական խոսքը հղել հատկապես այն կանանց, որոնց որդիներն այս պահին ծառայում են առաջնագծում և հսկում են մեր անդորրը: «Ես ուզում եմ ասել, որ դա էլ է հայ կնոջ մենաշնորհը` միաժամանակ լինել այդքան նուրբ, քնքուշ ու սիրասուն էակ և լինել առյուծածին, որովհետև մեր մայրերը ծնում են առյուծ որդիներ` ի փառս մեր ժողովրդի»,- եզրափակեց Սարգսյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանն էլ գտնում է, որ առհասարակ, երբ կինն ինչ-որ բան որոշում է անել, անում է ըստ արժանվույն, լիարժեք, և այդ առումով կնոջ դերը քաղաքականության մեջ շատ մեծ է, իսկ մարտահրավերներին պատասխանելը, լուծումները շատ ավելի հեշտ են տրվում կանանց: «Կարծում եմ, որ մեր ներգրավվածությունը քաղաքականության մեջ բավարար է, ես այդպես եմ գնահատում»,- ասաց նա:

Շուշան Պետրոսյանը նաև պատմական էքսկուրս կատարեց` նկատելով, որ պատմական տարբեր ժամանակներում շատ ուժեղ կերպարներ են եղել հայ թագուհիները.  հայ թագուհիներից մեկը հիմնադրել է բարեգործական հիվանդանոց գաղափարը, որն այսօր շատ ընդունված է, և առաջին տիկնայք զբաղվում են նման բարեգործական ծրագրերով: «Բացի դա,  ամբողջ արքունական ոսկին եղել է թագավորինը, իսկ արծաթը` թագուհունը, այսինքն` նրանք իսկապես տիրապետել են ուժի, ունեցել են իրենց դերը, խոսքը: Այնպես որ կանանց` հատկապես հայ կանանց, թերագնահատել այդքան էլ պետք չէ»,- նշեց Շուշան Պետրոսյանը:

Նրա գնահատմամբ` այսօր էլ կանայք շատ հարցեր լուծում են, ինչը իրեն ուրախացնում է: «Փառք ու պատիվ բոլոր այն կանանց, ովքեր իրենց գործունեությամբ  նպաստում են հայրենիքի առաջընթացին, իսկ տղամարդիկ խնամքով, հարգանքով, սիրով վարվեն այդ կանանց հետ և ստեղծեն ավելի լավ պայմաններ, որպեսզի նրանք իրենց գործունեությունն ընդլայնեն»:

Շուշան Պետրոսյանը առողջություն և համբերություն է մաղթում բոլոր այն կանանց, որոնց որդիները ծառայում են առաջնագծում: «Ես ցանկանում եմ, որ նրանք խաղաղ, հանգիստ, սպասեն իրենց զավակներին: Եվ ցանկանում եմ, որ իրենք զգան այդ բերկրանքի և երջանկության պահը, երբ բոլոր տղաները տուն կվերադառնան հասունացած, մեծացած, առողջ. դա իմ ամենամեծ երազանքն է, որովհետև երջանիկ մորից լավ բան չկա»: