Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 7-ին այցելել է Սյունիքի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Սյունիքի մարզում ոռոգելի հողատարածքների ծավալը 8.2 հազ. հա է, փաստացի ոռոգվում է 4700 հա. չոռոգման հիմնական պատճառը ներքին ցանցերի բացակայությունն է: Մարզպետի խոսքով՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ քննարկվել է Մեղրու տարածաշրջանում ջրամբարի կառուցման հարցը: Այժմ ուսումնասիրության փուլում են նախագծային փաստաթղթերը, ծրագրի նախնական արժեքը մոտ 2.5 մլն ԱՄՆ դոլար է: Անդրադառնալով խնդրի լուծմանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է. «Ջրամատակարարման ապահովման հարցը մեզ համար թիվ մեկ թեման է լինելու, այսինքն՝ մենք հիմա ինչքան գումար խնայողություն անենք և ինչքան ավելի հավաքենք, հիմնական մասն ուղղելու ենք ջրամատակարարմանը: Մեր ջրային ռազմավարության մի մասը հետևյալն է. խոշոր ջրամբարներից անցում կատարել փոքր ու միջին ջրամբարաշինությանը՝ ներգրավելով մասնավոր բիզնեսին:

 

Ծրագրով 11 ջրամբար է ընտրված՝ բիզնես տրամաբանությամբ: Մենք կսուբսիդավորենք ջրամբարի ծրագիրը՝ կամ գնելու, կամ կառուցելու ժամանակ: Եթե, ասենք, պայմանականորեն 10 միլիոնանոց ծրագիր է, և բիզնեսը ֆինանսավորում է 7 մլն-ը, ապա պետությունը կսուբսիդավորի 3 մլն-ը: Արդյունքում կունենանք 10 միլիոնանոց ջրամբարի բանաձև և ոչ բարձր սակագին: Ես ջրամբարների ծրագրին հավատում եմ և պետություն-մասնավոր համագործակցության ամենաարագ արդյունք տվող ծրագրերից մեկն եմ համարում», - նշել է կառավարության ղեկավարը՝ առաջարկելով Սյունիքի մարզի բիզնես կառույցների հետ քննարկել և կառավարություն ներկայացնել բիզնես ծրագիր: