Ինչպես արդեեն տեղեկացրել ենք՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մարտի 14-ի նիստում կքննարկի «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ին ՀՀ պետբյուջե գումարի փոխանցում պարտավորեցնելու մասին որոշումը:
ՀԾԿՀ 2008 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության գործողության ժամկետը սահմանված է մինչև 2018 թվականի փետրվարի 22-ը: Սակայն ընկերությունն այն երկարաձգելու հայտով չի դիմել հանձնաժողով, ինչպես նաև պատշաճ կարգով չի կատարել վճարման պարտավորությունը: Ընկերության պարտքը 2018 թվականի փետրվարի 22-ի դրությամբ, կազմում է 334 հազար 119 դրամ:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի սեփականատեր, նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը նշեց, որ իրենք չեն հրաժարվում պարտքը մարելուց. կամ կվճարեն, կամ դատական կարգով կհայտնվեն պարտքատերերի ցուցակում:
«Ես տեղյակ չէի, քիչ առաջ զանգեցի ճշտեցի՝ իսկապես նման պարտք գոյություն ունի: Եթե չկարողանանք վճարել, երևի թե իրենք էլ հաջորդ պարտատերը կդառնան, կմտնենք դատարան»,- ասաց նա:
Հարցին՝ ընկերությունն ի վիճակի չէ՞ 314 հազար 119 դրամ պարտքը մարել, Աղաբաբյանը պատասխանեց.
«Մենք մեծ պարտք ունենք, ես իրենց ինչպե՞ս վճարեմ: Մի քանի հիմնարկների ենք պարտք, եթե գումար ունենայինք՝ իրենց կվճարեինք, չենք կարող խախտում անել: Դրա համար, ըստ երևույթին, դատարան կդիմեն, կմտնենք պարտքատերերի ցուցակի մեջ»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀԾԿՀ տարածած հաղորդագրությանը «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի սեփականատերը նշեց, որ դա նորմալ գործընթաց է. «Մարդիկ անհանգստացած են, եթե սննկացած հիմնարկը չի կարողանում վճարել, պետք է մի հայտարարություն անեն, դիմեն դատարան: Կարծում եմ՝ նորմալ պրոցես է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ գումար լինելու դեպքում պատրաստ են մարել պարտքը:
Նշենք, որ ընկերությունն իրավասու է` սույն որոշման հրապարակումից հետո երեսնօրյա ժամկետում միջնորդել Հանձնաժողովին` վերանայելու այն: Ինչպես նաև այս որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
Հիշեցնենք, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» մարզադաշտը 2015 թ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ էր ճանաչվել:
«Հրազդան» մարզադաշտը բացվել է 1971 թվականին, խորհրդային ժամանակներում խոշորագույն մարզադաշտերից մեկն էր ողջ Խորհրդային Միությունում։ Հենց այս մարզադաշտում «Արարատ» թիմի ֆուտբոլասերները ականատես եղան ակումբի հաղթանակներին, ինչը հանգեցրել է 1973 թվականին գավաթի հաղթանակի։
Տարողությունը՝ 53600, այդ թվում՝ Յարուս՝ 16900, Հյուսիսային տրիբունա՝ 11750, Հարավային տրիբունա՝ 11750, Արևմտյան տրիբունա՝ 8100, Արևելյան տրիբունա՝ 5100։
Սոնա Հարությունյան