Օրեր առաջ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե պատրաստ են Արցախի կարգավիճակի դիմաց հողերը տալ։ «Երբ կլինի հանրաքվե, կընդունվի կարգավիճակի մասին որոշում, աշխարհը կընդունի ԼՂ անկախությունը, մենք էն հողերը, որոնց վրա այդ իրավունքը չունենք, մենք էդ հողերը չենք ուզում»,- ասել էր Նաղդալյանը։ Նրա այս հայտարարությունը քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց Հայաստանում և Արցախում։ Իսկ տեղեկատվական պատերազմի այս փուլում ադրգբեջանական կայքերը Նաղդալյանի այս հայտարարությունն սկսեցին ակտիվորեն տարածել՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշում։ Քննադատությունը հասել է մինչև Հերմինե Նաղդալյանի հրաժարականի պահանջում։ Արդեն մի քանի օր է՝ համացանցում սկսվել է ֆլեշմոբ, որով պահանջում են նրա հրաժարականը։ Այն գնալով ավելի ու ավելի մեծ թափ է հավաքում, ավելի շատ մարդիկ են սկսել պահանջել Նաղդալյանի հրաժարականը։ Թեմայի վերաբերյալԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ։
- Պարո՛ն Աղաբաբյան, Հերմինե Նաղդալյանի վերջին հարցազույցից հետո հասարակության մի լայն զանգված պահանջում է նրա հրաժարականը։ Ըստ Ձեզ՝ հրաժարականի պահանջն արդարացվա՞ծ է։
- Ես ընդամենը կարող եմ ասել, որ դա այդ կնոջ կարծիքն է։ Դա ընդամենը կանացի վերաբերմունք է, ես չեմ համարում քաղաքական երևույթ։ Հասարակությունը նրա հրաժարականը չի պահանջում։ Նրա հրաժարականն է պահանջում ընդդիմությունը։
- Թեկուզ ընդդիմությունը...
- Դուք ասում եք հասարակությունը, ես էլ ասում եմ, որ հասարակությունը նրա հրաժարականը չի պահանջում։ Ես մտածում եմ, որ մայրը կարող էր այդպիսի բան ասեր՝ ի շահ իր զավակի։
- Այսինքն՝ հողեր հանձնել, ազատագրված տարածքները «գրավյալ» անվանել կարող է մա՞յրը անել միայն։
- Հա, ինչո՞ւ չէ որ, մայրն իր զավակի մասին է մտածում։ Ես չեմ համարում, որ մենք որևէ փոխզիջման պետք է գնանք։ Այն, ինչը արյունով է ձեռք բերվել, չի կարող զիջվել բանակցությունների արդյունքում։ Մեր գալիք սերունդը շատ հստակ գիտի իր գործը, գիտի, որ իր մեծերի արյունն է այդ հողի վրա, և դա չենք զիջելու, անգամ եթե քաղաքական գործիչները խոսեն այդ մասին։ Մեր զինվորները պահանջելու են, որ այդ հողերը երբեք չզիջվեն։
- Պարո՛ն Աղաբաբյան, Հերմինե Նաղդալյանի այդ հարցազրույցն ադրբեջանական բոլոր կայքերով տարածվեց որպես հայկական պաշտոնական դիրքորոշում։
- Մի բան ասեմ էլի։ Միշտ էլ լինում է ինֆորմացիոն պատերազմ։ Հակառակ կողմը փորձում է այնպես անել, որ տվյալ երկրում այնպիսի քաղաքական իրադարձություններ տեղի ունենան, որն ի վնաս տվյալ պետությանը կլինի։ Ես, դա հասկանալով, կարող եմ ասել, որ մեզ պետք չէ այդքան էմոցիաների մեջ ընկնել։ Էդ ինչի՞ պատերազմի ժամանակ բոլորդ ասում եք իրար կողք ենք, հանկարծ այդ պահին Հերմինե Նաղդալյանը դարձավ զոհասեղանի չգիտեմ ինչ։ Դե որ իրար հետ ենք, մի սխալ է թույլ տվել, բերեք ներենք, ինչո՞ւ ենք ընկել հետևից, բա որտե՞ղ է մեր հայությունը։
- Դուք հավատո՞ւմ եք, որ դա լեզվի սայթաքում է եղել, դրա համար ներենք։
- Ձեզ ինչո՞ւ է թվում, թե այդ կարծիքին քիչ մարդ կա։ Ինչո՞ւ ենք ընկել պանիկայի մեջ։ Այ քեզ բան, Հերմինե Նաղդալյանը մի բան է ասել։ Ես չեմ կարծում՝ ինքը դավաճանի դիրք ու տեսք ունի, ինքը շատ «բայեվոյ» կին է։ Քի՞չ է եղել, որ իր գործերով օգտակար է եղել:
- Արցախում ևս դատապարտում են նրա այդ հայտարարությունը, որը Դուք քաղաքական երևույթ չեք համարում։
- Մեծ դժբախտությունն այն է, որ այս քաղաքական կուսակցությունները ստեղծված են ընդամենը հիմքում ունենալու քաղաքական գործիչներ դառնալու նպատակ։ Իսկ Հանրապետական կուսակցությունը հիմնված է անկախության բանակի հիման վրա։
Հանրապետականներն իրավունք չունեն այլ կերպ մտածել։ Այդ կուսակցությունների 90 տոկոսին, որ հավաքեք տանեք բանակ, 99 տոկոսը փախնելու է։ Կապ չունի՝ որ կուսակցությունը կլինի՝ Ղարաբաղի, Ռուսաստանի, թե Հայաստանի։ Պետք չի բզբզել չեղած բանի վրա։ Մարդը հիմա սխալվել է։ Երեկ չէ առաջին օը սահմանին զոհվել է մի տղա, ում սնայպեռը խփել է իր իսկ սխալի համար։ 24 տարեկան տղան մի հատ սխալ թույլ տվեց ու... հակառակորդը խփեց։ Մի բզկտեք իրար։ Էս երկրում թերություններով մարդ մազերի չափ կա։
- Պարոն Աղաբաբյան, Դուք համեմատականներ եք անում և փորձում արդարացնել, սակայն պետք է ընդունել, որ պետական պաշտոն զբաղեցնող, Հայաստանը դրսում ներկայացնող անձնավորոթյունն իրավունք չունի անգամ սխալվելու, էլ չեմ ասում նման մտքեր արտահայտելու։ Չե՞ք կարծում, որ պետական պաշտոնյայի ամեն արտահայտած միտք պետք է լինի կշռադատված և մտածված։
- Անպայման, ես համաձայն եմ Ձեզ հետ։ Ես նորից եմ ասում՝ Հերմինե Նաղդալյանն իրավունք չուներ նման արտահայտություն անելու, բայց եղել է...։ Գնացքը գնացել է։ Հիմա դրանից հետո պետք չի էլի այդքան խորացնել։ Հարկավոր է մոռանալ։ Վերջ, մի սխալ է եղել է։ Սաղ աշխարհը մեզ է նայում, թե ոնց ենք բզկտում մեր հային։ Ամենակարևոր բանը երկրի պատիվը պահելն է։ Երկրի պատիվը չես պահում, ուրեմն այդ երիկրի ներկայացուցիչը չես, ընդամենը երկիրը կեղտոտող մարդ ես։
Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի