Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 15-ին այցելել է Նոր Հարավային Ուելսի խորհրդարան: Այս մասին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Պետական նախարարը հանդիպել է Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի անդամներին և խումբը նախագահող, խորհրդարանի անդամ Ջոնաթան Օ՛Դեային: Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Նոր Հարավային Ուելսի խորհրդարանին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու և ինքնորոշման իրավունքը հարգելու համար: Իր հերթին Ջոնաթան Օ՛ Դեան ողջունել է Ա. Հարությունյանի այցը Ավստրալիա և, հատկապես, Նոր Հարավային Ուելս՝ նշելով, որ այն նոր խթան կհանդիսանա երկկողմ կապերի ամրապնդման համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության հետագա զարգացման հետ կապված մի շարք հարցեր:
Այցի ընթացքում Ա. Հարությունյանը Նոր Հարավային Ուելսի նահանգային խորհրդարանի հարակից Խաղաղության այգում գտնվող հուշաքարի մոտ իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այնուհետև պետական նախարարը հանդիպում է ունեցել ավստրալահայ մի խումբ գործարարների հետ, որի ընթացքում ներկայացրել է «Արցախ Րութս Ինվեսթմընթս» (ԱՐԻ) ընկերության իրականացրած ծրագրերի առանձնահատկություններն ու հաջողությունները Արցախի վերաբնակեցված շրջաններում: Նա շեշտադրել է անցած ինը տարիների ընթացքում այդ ծրագրերի նշանակությունն Արցախի տնտեսական ակտիվության և բնակչության կյանքի որակի բարելավման համար:
Սփյուռքահայ գործարարները Ա. Հարությունյանին են հղել ներկայացված ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր՝ ստանալով սպառիչ պատասխաններ: Հանդիպման վերջում որոշ գործարարներ հայտնել են ԱՐԻ-ի բաժնետեր դառնալու իրենց ցանկության մասին:
Ա. Հարությունյանը այնուհետև մասնակցել է Ավստրալիայում ԱՀ մշտական ներկայացուցչության կողմից՝ ի պատիվ պետական նախարարի այցելության կազմակերպված պաշտոնական ճաշկերույթին, որին ներկա էին ավստրալահայ համայնքի գրեթե բոլոր քաղաքական և մշակութային կազմակերպություններից ավելի քան 120 պատվիրակներ:
Պետնախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի ներկայացուցիչներին հայրենիքից հեռու հայկականությունը վառ պահելու և հայրենիքին մշտապես սատար կանգնելու համար: Նա ընդգծել է, որ դեռևս 90-ական թվականներից ավստրալահայերն իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Արցախի ինչպես հումանիտար խնդիրների լուծման, այնպես էլ ներդրումային ծրագրերի իրականացման գործում: Ա. Հարությունյանը, ի նշան երախտագիտության, Արցախյան շարժման 30-ամյակի հուշամեդալներով է պարգևատրել Ստեփանակերտի «Նաիրի» հյուրանոցի հիմնադիր-համասեփականատերեր ավստրալահայեր՝ Հակոբ Ապօլաքեանին, Փօլ Մենծյակոբեանին, Միհրան Ապօլաքեանին, Կարօ Սեթեանին և Վարուժան Իսկանդարեանին:
Օրվա վերջում Ա. Հարությունյանն այցելել է Նոր Հարավային Ուելսի հայ Ավետարանչական ընկերակցություն, որտեղ հանդիպել է պատվելի Գրիգոր Եմուշակյանին և համայնքի ներկայացուցիչներին: Հոգևոր համայնքում Ա. Հարությունյանը ներկա է գտնվել նաև արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությանը:
Նշենք, որ պետական նախարարի քաղաքական հանդիպումները կազմակերպվում են ՀՅԴ Ավստրալիայի կենտրոնական կոմիտեի և Հայ Դատի տեղի հանձնախմբի գործուն աջակցությամբ:
Հանդիպումների ընթացքում Ա. Հարությունյանին ուղեկցում է Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը:
Պետական նախարարի աշխատանքային հանդիպումներն Ավստրալիայում շարունակվում են: