Արցախ տեղափոխված հասարակական , քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնի Արցախի պետական նախարարի պաշտոնը: Այս մասին Վարդանյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով:

«Հայաստանի ու Արցախի շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, Արցախի խնդրի լուծման շուրջ սրվող իրավիճակը, որից, առանց չափազանցության, կախված են և՛ Հայաստանի, և՛ Հայկական աշխարհի ճակատագրերը, ինձ չափազանց մտահոգում են:

Ես գիտակցում եմ, որ այլևս երկար մտածելու ժամանակ չկա, և այս իրավիճակում այլ ճանապարհ չունեմ, քան արցախցիների կողքին գտնվելն ու Արցախի ապագայի նկատմամբ իմ բաժին պատասխանատվությունն ստանձնելը։

Մեկուկես ամսվա ընթացքում Արցախի քաղաքական ու հասարակական գործիչների, տարբեր շրջանների և սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու շփումներն ինձ համոզեցին, որ մարդիկ աջակցում են Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում իմ թեկնածությանը և հանձինս ինձ ուզում են տեսնել պատասխանատու առաջնորդի, որն իր շուրջը կհամախմբի բոլոր առողջ ուժերին և կղեկավարի երկիրը ճգնաժամից հանելու իրական աշխատանքները։

Նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնեմ Արցախի պետական նախարարի պաշտոնը և այդ ժամանակ կներկայացնեմ մեր ռազմավարական նպատակները, լուծման ենթակա առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև կտեղեկացնեմ ձեռնարկվելիք առաջին քայլերի մասին։ Մինչև հոկտեմբերի վերջ կշարունակեմ թիմի և մեր ծրագրերի ձևավորմանն ուղղված հանդիպումները»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնը: