Այս կիրակի՝ մարտի 18-ին, տեղի կունենա Ռուսաստանի նախագահի ընտրությունները: Նշենք, որ նախագահի թեկնածուներն ութն են` Սերգեյ Բաբուրինը, Պավել Գրուդինինը, Վլադիմիր Ժիրինովսկին, Վլադիմիր Պուտինը, Քսենյա Սոբչակը, Մաքսիմ Սուրայկինը, Բորիս Տիտովը, Գրիգորի Յավլինսկին։

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանում նախագահը չի ընտրվում, քանի որ այնտեղ ընտրություն չկա:

 

«Ռուսաստանում այդ իրադարձությունը ֆեյք է, որը կոչվում է ընտրություն: Այն կապ չունի ընտրության հետ, քանի որ գործող նախագահի լիազորություններն ընդամենը պետք է վավերացվեն: Պուտինը ոչ միայն մրցակից չունի, այլև չի էլ կարող ունենալ, որովհետև նրա մրցակիցները կարող են լինել կամ արտասահմանում, կամ գերեզմանում»: 

Քաղաքագետը նկատեց նաև՝ նախագահի մյուս թեկնածուների շանսերը զրոյական են.«Նրանց շանսերը զրոյական եմ գնահատում, որպես գավառական կրկեսի մասնակիցներ՝ ծաղրածուներ, ակրոբատներ և այլ դերակատարներ, որոնք ոչ քաղաքական են, ոչ էլ մրցակից»,- ասաց նա: 

Հարցին՝ Ռուսաստանում տեղի ունեցող ընտրությունները ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա, Մեհրաբյանը պատասխանեց. «Հայաստանի վրա որևէ ձևով չեն կարող ազդել: Իսկ ազդեցությունը կարող է պայմանավորված լինել միանգամայն այլ գործոններով, որոնք կապ չունեն ընտրությունների հետ: Հայաստանն այսօր լուրջ խնդիր ունի՝ խուսափելու ներքաղաքական, արտաքին քաղաքական և տարածաշրջանային խնդիրներից, որպեսզի այս ամենը Հայաստանի համար չվերածվի գոյաբանական սպառման: Հետևաբար, հայկական կողմը պետք է ուշի-ուշով հետևի իրադարձություններին, զերծ մնա կտրուկ շարժումներից և փորձի ակտիվացնել տնտեսական արտաքին քաղաքականությունը, մեծացնի ներքին ամրության պաշարները», - ասաց նա՝ ավելացնելով, որ հայական կողմը պետք է ամրացնի հարաբերությունները արտաքին աշխարհի հետ բոլոր ուղղություններով՝ փորձելով կոմպենսացնել միակողմանի կախվածությունը Ռուսաստանից, որովհետև Հայաստանի, օրինակ, տնտեսական զարգացումը մեծապես կախված է նրանից, թե ինչ է կատարվում ռուսական շուկայում:  

ԱՄՆ-ում պնդում են, որ պատժամիջոցներն ուղղված են ոչ այնքան Ռուսաստանի դեմ, որքան Պուտինի դեմ, և այդ առումով ԱՄՆ-ում կա որոշակի հույս, որ ՌԴ-ում տեղի կունենան փոփոխություններ և նախագահի պաշտոնում Պուտինը չի ընտրվի. այս դիտարկմանն ի պատասխան՝ Մեհրաբյանը նկատեց.

 

«Երբ 1945 թ. ռմբակոծում էին Գերմանիան, այն ժամանակ այնպես չէր, որ դա Գերմանիայի դեմ էր, այլ Հիտլերի, բայց ռմբակոծվում էր Գերմանիան: Նույն էլ հիմա է: Դա պարզապես անհրաժեշտ հռետորաբանություն է, որը պետք է հասնի Ռուսաստանի հասարակությանը, սակայն քանի դեռ Պուտինն այնտեղ է, դա հասնելու որևէ շանս չունի: Պետք է հասկանալ, որ այս մաֆիոզ խմբավորումը, որը կա Ռուսաստանում, մինչև չկազմաքանդվի՝ այնտեղ որևէ փոփոխություն լինել չի կարող: 

Ոչ միայն ռուս-ամերիկյան հարաբերություններում դրական տեղաշարժ չի լինի, այլ ընդհանրապես Ռուսատանի և արտաքին աշխարհի հետ՝ չհաշված մի քանի երկրներ: Դրական տեղաշարժ կլինի միայն այն դեպքում, երբ Ռուսաստանի բանդան լիկվիդացվի, որը զավթել է իշխանությունը»,- եզրափակեց Մեհրաբյանը: