Ազգային ժողովում մեկնարկել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հիշեցրեց, որ ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:
Հրայր Թովմասյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց վստահության և պատասխանատու պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա շեշտեց, որ Սահմանադրական դատարանի անդամներից յուրաքանչյուրը կարող էր հավակնել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնին, սակայն իրեն է բախտ վիճակվել իրականացնել այդ առաքելությունը: «Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը իր էությամբ չի ենթադրում քաղաքական անելիքներ և ծրագրեր: Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները նույնն են, ինչ Սահմանադրական դատարանի մյուս անդամներինը: Սահմանադրական դատարանի նախագահի գլխավոր լիազորությունը դատարանի բնականոն գործունեության ապահովումն է: Ինձ համար հատկապես կարևոր է աշխատանքային մթնոլորտի ապահովումը, որտեղ Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր աշխատակից կզգա, որ ինքը մասնիկն է մի մեծ կոլեկտիվի և կատարում է երկրի համար ամենաբարդ խնդիրներից մեկը, մասնակից է դառնում Սահմանադրության գերակայության ապահովմանը: Ինձ համար սա ամենակարևորն է, ինչին ձեր կողմից նշանակվելու պարագայում, ես կիրականացնեմ»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Նա ընդգծեց, որ իր որոշ գործընկերների հետ քննարկումներ է ունեցել և խորհրդարանի կողմից ընտրվելու դեպքում փորձելու է՝ կյանքի կոչել որոշ գաղափարներ: «Այդ գաղափարները ուղղակի կամ անուղղակի վերաբերվում են Սահմանադրական դատարանին և Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններին: Շատ եմ կարևորում նոր Սահմանադրության գիտագործնական մեկնաբանությունների առկայությունը, ինչը կօգնի Սահմանադրական դատարանին առավել արդյունավետ աշխատել և ունենալ առավել համակարգված որոշումներ»,- մանրամասնեց Հրայր Թովմասյանը:
ՍԴ նախագահի թեկնածուն նաև ընդգծեց, որ կարելի է քննարկել նաև Սահմանադրական դատարանի բանավոր դատաքննությունների ուղիղ հեռարձակում ապահովելու հնարավորությունը: