Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այն համոզմանն է, որ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշումը՝ փողոցային պայքարի դուրս գալու վերաբերյալ, իրենց սահմանադրական իրավունքն է և, հետևաբար, ընդդիմությունը կարող է կազմակերպել հանրահավաքներ և ակցիաներ, և այս հարցում նրանց որևէ մեկը չի խոչընդոտի։ 

Այս մասին  այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։Image result for Սամվել Ֆարմանյան

 

 

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության խնդրին՝ Սամվել Ֆարմանյանը չընդունեց տեսակետը, որ դա փաստում է ՀՀ նախագահի անփոխարինելիության մասին․ «Իհա՛րկե, կան այնպիսի մարդիկ, ովքեր կարող են հանրապետության ղեկավարի պաշտոնում կառավարել։ Մեր ժողովրդի արգանդը չի չորացել։ Խոսքն այստեղ քաղաքականության մեջ հնարավորությունների սահմաններում լավագույն ընտրությունը կատարելու մասին է, և, իմ պատկերացմամբ, լավագույն լուծումը նա է։ Սա իրականությունն է, իսկ փաստարկները ներկայացնելու համար այս պահը ճիշտ ժամանակ չէ»,-ասաց Ֆարմանյանը։

Վերջինս նաև նշեց, որ այսօրվա դրությամբ դեռևս «Հանրապետական» խմբակցությունում վարչապետի առաջադրման մասին քննարկում չի եղել, իսկ լինելու ժամանակ էլ ինքը կներկայացնի Սերժ Սարգսյանի վարչապետության առաջադրման հարցում իր կողմ տեսակետի հիմնավորումները։