Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություններին և տուրիզմի բաժնին հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետներում քննարկել և առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքում զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերի տեղադրման վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հաշվի առնելով տարեցտարի զբոսաշրջիկների հոսքի ավելացումը մայրաքաղաքում, ինչպես նաև այս տարի Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներով հագեցած լինելու հանգամանքը, ինչն իր հերթին, անշուշտ, բերելու է զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք, անհրաժեշտ է հատկապես մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում տեղադրել զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետեր: Ըստ այդմ, հնարավորին կարճ ժամկետում կազմակերպեք անհրաժեշտ աշխատանքները, որպեսզի առաջիկայում այդ կետերը հասանելի լինեն թե՛ մեր համաքաղաքացիների և թե՛ մայրաքաղաքի հյուրերին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետի մեկ այլ հանձնարարականով առաջիկայում մասնավորի հետ համագործակցված աշխատանքներ կտարվեն նաև մայրաքաղաքի հատկապես մարդաշատ ու զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող հատվածներում հանրային զուգարաններ ստեղծելու ուղղությամբ: