«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանի հոդվածը.

Երջանիկ են այն ժողովուրդները, որոնց պատմության ողբերգական պահերին, գտնվում են, այնուամենայնիվ, բացառիկ խմբեր կամ թեկուզ անհատներ, որոնք իրենց կյանքը զոհելու պատրաստակամությամբ իրենց ուսերի վրա են վերցնում զանգվածային «իմպոտենտության» և հուսահատության խայտառակությունը սրբագործելու պատիվը….

 

Այդպիսի մի կերպար էր Կարսի անկման աննման հերոս գնդապետ Մազմանյանը, որը ինքնասպան եղավ և չհանձնվեց թշնամուն…«Իրատես» հանձնվողներից շատ-շատերն են ծաղրել այս անձնուրացությունը հիմարություն համարելով միայնակ ողջ թուրքական բանակին դեմ կանգնելու նրա ասպետական որոշումը: Մինչդեռ շնորհիվ չընկրկող այս մեկ անհատի հայ ժողովրդի երիտասարդ սերունդը բացառիկ հնարավորություն ստացավ վերականգնելու իր վարկաբեկված պատիվը ` նույնանալով հատկապես իր հետ և ոչ թե հուսալքված այն ամբոխի, որը կորցնելով արժանապատվությունը և հանձնվելով թշնամու ողորմածությանը արժանացավ ընդամենը կոտորման, ստորացման ու լլկման…

Չգիտեմ մեր ազգային որ բարեմասնության համար Աստված այսօր էլ մեզ չի զրկել ազդային արժանապատվության պահապան հրեշտակներից ի դեմս Ժիրայր Սեֆիլյանի, Սասնա Ծռերի, Շանթի և բանտված մյուս քաղբանտարկյալների հարյուրակի…

Մտքի, զգացմունքի կամքի համատարած այլասերման, արդարության և օրինականության պոռնկաբարո բռնաբարման, “բոշայացման” և ողորմելիության թվացյալ հաղթանակի այս ողբերգական օրերին, և ի տես «ազգային ջոջերի ընտրության» գալիք գավառամիտ բեմադրության, մեր երիտասարդ սերունդը ունի խեղկատակ-հացկատակներից տարբեր կերպարների հետ նույնանալու և իմաստալից ապագայով ապրելու ապահով այլընտրանք …

Վստահաբար Խորենացին ևս մեկ անգամ կարձանագրեր. «Թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ…, բայց և այնպես մեր աշխարհում էլ .. հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել»: