Մեր տեղեկություններով՝ առաջիկայում փոփոխություններ են սպասվում դիվանագիտական կորպուսում: Հավանաբար, վերջապես կփոխվի Ֆրանսիայում ՀՀ դեսպան 77-ամյա Վիգեն Չիտեչյանը, ով 1995-ից դեսպան է աշխատում, որից 11 տարին՝ Ֆրանսիայում: Նրան վերջին տարիներին չէին փոխում, քանի որ լուրեր կային, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մտադիր է վերադառնալ հին պաշտոնին՝ Ֆրանսիայում դեսպան:
Ասում են, թե նա անգամ դեսպանատանը փակ սենյակ ունի, որտեղ իր իրերն են, եւ ոչ ոք մուտք չունի: Սակայն Նալբանդյանը նաեւ կարողանում է ճարպկորեն պահել ԱԳ նախարարի աթոռը, եւ չնայած ողջ նախարարությունը երազում է, թե երբ է նա հեռանալու, բայց կարծես մոտ ապագայում նրան չեն ազատի, ուստի տարեց դեսպանին փոխարինող են գտել։ Ըստ լուրերի՝ Ֆրանսիայում դեսպան կնշանակվի Շվեյցարիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Հասմիկ Տոլմաջյանը:
Հիշեցնենք, որ Շվեյցարիայում դեսպանը Շառլ Ազնավուրն է։ Մենք տեղեկացանք, որ շուտով պաշտոնին հրաժեշտ է տալու նաեւ Ավստրիայում ՀՀ դեսպան, ԱԳ նախկին փոխնախարար Արման Կիրակոսյանը, որն այդ պաշտոնին է 2011-ից։ Նա առողջական խնդիրներ ունի եւ «թեթեւ» գործի կանցնի՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն։ Այս պաշտոնը թափուր է Հայկ Դեմոյանի՝ ԱՄՆ մեկնելուց հետո։
Ինչ վերաբերում է Ավստրիայում ՀՀ դեսպանի պաշտոնին, ապա այն լուրջ կռվախնձոր է դարձել ԱԳՆ-ում։ Մի նշանակում եւս․ մոտ ժամանակներս Իսրայելում ՀՀ դեսպան կնշանակվի, նստավայրը՝ Երեւան, Ռուսաստանում ՀՀ նախկին դեսպան, մշակույթի նախկին նախարար Արմեն Սմբատյանը։ Այդ գործը համատեղության կարգով անում էր Եգիպտոսում դեսպան Արմեն Մելքոնյանը։