«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Գարրի Զախարովի ընտանիքի հետ կապվող «Իդալգո» ՍՊԸ-ն վերջերս դիմել է դատարան՝ իրեն սնանկ ճանաչելու համար: Իսկ պատճառը «Դալմա» առեւտրի կենտրոնի եւ ՊԵԿ-ի նկատմամբ կուտակած եւ մոտ 20 մլն դրամի հասնող պարտքն է եղել, որ «Իդալգո» ՍՊԸ-ն չի ցանկացել վճարել: Ընդ որում, իրեն սնանկ ճանաչելու հայցով դիմելիս «Իդալգո» ՍՊԸ-ն հրաժարվել է առողջացման ծրագիր ներկայացնել: Իսկ դատավոր Կարինե Պետրոսյանն էլ բավարարել է նրանց հայցը: Հատկանշական է, որ այս ամենի արդյունքում անելանելի վիճակում է հայտնվել «Դալմա ինվեստ» ՓԲԸ-ն, որը չի կարող ետ ստանալ 17.5 մլն դրամ պարտքը, որ «Իդալգո» ՍՊԸ-ն կուտակել է տաղավարների վարձակալության արդյունքում: Զախարովից մեկնաբանություններ ստանալու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն, «Իդալգո» ընկերության սնանկության գործով փաստաբան Միքայել Ավետիսյանը նշեց, թե 1 մլն դրամը գերազանցող պարտքի դեպքում ընկերությունը կարող է կամավոր դիմել դատարան՝ սնանկ ճանաչվելու խնդրանքով:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։