Ոստիկանությունը տեսանյութ և մանրամասներ է հայտնել մարտի 21-ին Արմավիր գյուղում տեղի ունեցած սպանությունից:
Արյան հետքերով «Օպել» մակնիշի ավտոմեքենան այժմ գտնվում է ՃՈ պահպանման տարածքում, որով մարտի 21-ի գիշերը Արմավիրի մարզի Արմավիր գյուղից մի երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց: Մեքենայի վարորդը, տեսնելով արնաքամ լինող տղային, օգնության է հասել:
Ժամը 21.55-ին, ոստիկանությունն ահազանգ է ստացել հիվանդանոցից, որ իրենց մոտ դանակահարված երիտասարդ է տեղափոխվել, ախտորոշվել է կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք: Հիվանդանոց տեղափոխվելուց 3 ժամ անց Հայկավան գյուղի բնակիչ 22-ամյա Նարեկ Պողոսյանը մահացել է: Նա դանակի 7 հարված էր ստացել: Սպանված երիտասարդի «Ժիգուլին» հայտնաբերվել է Արմավիր գյուղում, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը:
Իրավապահները պարզել են, որ երկու երիտասարդներ վիճել են, որն ավարտվել է դանակահարությամբ: Ոստիկանները պարզել են դանակահարողի ինքնությունը՝ Նալբանդյան գյուղ բնակիչ Վաղինակ Մ.-ին: Նախնական տվյալներով նրան դուր չի եկել, թե ինչ արագությամբ է Նարեկը վարել մեքենան:
Դեպքից ժամեր անց Վաղինակը ներկայացել է ոստիկանություն ու կալանավորվել: