ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է 18-ամյա երիտասարդի կողմից Փարաքարում 42-ամյա կնոջը՝ Ն.Ն.-ին, շահադիտական նպատակներով սպանելու, ինչպես նաև՝ սպանության դեպքից ամիսներ առաջ նույն երիտասարդի կողմից համագյուղացիների՝ հոր և որդու դանակահարության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔՔ քննչական կոմիտեից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2023թ. հունիսի 20-ին քաղաքացուց հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2023թ. հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, 42-ամյա քույրը դուրս է եկել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի՝ իր տանից և չի վերադարձել։

Փաստի առթիվ սպանության հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում 42-ամյա կինը ճանաչվել էր տուժող:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարվել էին մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ տուժողի հեռախոսի տեղայնացման, ինչպես նաև՝ նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Պարզվել էր, որ տուժողի «I phone 13 pro max» մոդելի հեռախոսը 2023թ. հունիսի 20-ին վաճառվել էր Երևան քաղաքում, որը վաճառած և ձեռք բերած անձինք հայտնաբերվել և ներկայացվել էին վարույթն իրականացնող մարմնին:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ էին ստացվել այն մասին, որ 42-ամյա կինը սպանության զոհ է դարձել:

Մասնավորապես՝ իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ հունիսի 18-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, տուժողը Փարաքարում հանդիպել է 18-ամյա իր ծանոթի հետ։ Կնոջը պատկանող ավտոմեքենայով նրանք շրջել են, ապա մեքենան կայանել «Ծիրանանոց» կոչվող հատվածում։ Երիտասարդը, 42-ամյա կնոջը պատկանող «I phone 13 pro max» մոդելի հեռախոսին տիրանալու և նրա ավտոմեքենան շահագործելու շահադիտական դրդումներով, սպանելու դիտավորությամբ, խեղդամահ է արել էր նրան, ապա կպչուն ժապավենով կապել էր վերջինիս ձեռքերը, ոտքերը և բերանը, մեքենայով նրան տեղափոխել Փարաքար համայնքի գերեզմանատանը հարակից տարածքում գտնվող, չշահագործվող քարի արտադրամաս։ Այնուհետև դին հրելով գցել էր տարածքում առկա ձորակը, քարերով ծածկել և, վերցնելով կնոջ բջջային հեռախոսը, վերջինիս ավտոմեքենայով հեռացել այդ վայրից։

Հունիսի 20-ին նա ընկերոջ միջոցով վաճառել էր 42-ամյա կնոջը պատկանող «I phone 13 pro max» մոդելի հեռախոսը, դրա դիմաց ստացել 200.000 ՀՀ դրամ գումար, իսկ ավտոմեքենան շահագործել իր կարիքների համար։

42-ամյա կնոջ դիակը հայտնաբերվել էր երիտասարդի մասնակցությամբ դեպքի վայրում կատարված քննչական գործողության ժամանակ:

Պարզվել է, որ դեպքից ամիսներ առաջ նույն 18-ամյա երիտասարդը կատարել է մեկ այլ հանցագործություն ևս:

Մասնավորապես՝ 2023 թվականի փետրվարի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, 18-ամյա երիտասարդը, Փարաքար համայնքի Երևանյան փողոցի տներից մեկի դիմաց բարձրաձայն հայհոյանք հնչեցնելու համար, դիտողության էր արժանացել նշված տանտիրոջ որդու կողմից, ինչը վերածվել է վիճաբանության։ Դրա ընթացքում երիտասարդն իր մոտ պահվող դանակով հարվածել էր վերջինիս որովայնի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակով մարմնական վնասվածք, ապա նույն առարկայով հարվածել էր իրեն մոտեցող տանտիրոջ ձախ ազդրին՝ վերջինիս պատճառելով ձախ ազդրի ծակած կտրած վերք՝ մկանների վնասումով, առողջության տևական քայքայումով, միջին ծանրության մարմնական վնասվածք և դիմել փախուստի, իսկ դանակը նետել էր Արմավիրի մարզի Փարաքար բնակավայրի «Մշակույթի և երիտասարդության պալատ»-ի հարակից տարածքում։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 18-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 252-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (ավազակությունը՝ խոշոր չափերով հափշտակություն կատարելով) և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 13-րդ կետերով (շահադիտական դրդումներով և այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով սպանությունը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում.

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: