ՀՀ Տավուշի մարզի դատախազության դատախազի ցուցումով ձերբակալվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս մասնաճյուղի անտառապահը: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
ՀՀ ԲՆ «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս մասնաճյուղի թիվ 14 պահաբաժնի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից 2017 թ. փետրվար-մարտ ամիսներին ծառայության նկատմամբ անբարեխիղճ անփույթ վերաբերմունքի և իրենց պարտականությունները պատշաճ չկատարելու հետևանքով, բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, նշված պահաբաժնի «Մոթմոմանց թալա» կոչվող տարածքում դեռևս ինքնությունը չպարզված անձանց կողմից կատարվել է 18 հատ թաց կանգուն և 1 հատ քամատապալ ծառերի ապօրինի հատում, որոնց հողով քողարկված կոճղերը հայտնաբերվել են 2018 թ. մարտի 22-ին: Նշված ծառերի ապօրինի հատմամբ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 8 միլիոն 958 հազար 750 դրամի գույքային վնաս:
Նկատի ունենալով, որ նյութերում առկա են պաշտոնեական անփութության և ծառերի ապօրինի հատմամբ առանձնապես խոշոր վնաս պատճառելու հանցագործությունների առերևույթ հատկանիշեր մատնանշող բավարար տվյալներ, ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հարուցվել է քրեական գործ:
Գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումով «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս մասնաճյուղի անմիջական պատասխանատու անտառապահը նախաքննական մարմնի կողմից ձերբակալվել է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական և դատավարական այլ գործողություններ՝ առերևույթ հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց և դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ: