«ՎիզաՄետրիկը»-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը հայտարարել է, որ 2018 թվականի ապրիլի 3-ից Երևանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար ներկայացված Շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանությունը, այլ «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը ռուս-թուրքական կոնսորցիում է: Նկատենք, որ այս փաստը դժգոհություն է առաջացրել ՀՀ քաղաքացիների մոտ: Նրանց մտահոգում է այն հանգամանքը, որ իրենց անձնական տվյալները հայտնվելու են թուրքական ընկերության մոտ:

 

Թեմայի առնչությամբ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից: Այստեղից մեզ տեղեկացրին, որ հաշվի առնելով հարցի շուրջ հանրային մեծ հետաքրքրությունը, ՀՀ քաղաքացիների անձնական տվալները Թուրքիա փոխանցվելու մտավախությունը՝ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սեփական նախաձեռնությամբ սկսել է ստուգման գործընթաց, պարզելու, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը.

««Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում Գործակալությունն ուսումնասիրում է բարձրացված խնդիրը՝ ի թիվս այլնի «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից անձնական տվյալների մշակման ընթացքում օրենքի պահպանումը ապահովելու և անձնական տվյալների մշակման հնարավոր խախտումները կանխելու համար»,- փոխանցեցին նախարարությունից՝ նշելով, որ գործակալության գործողությունների և արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտեղեկացնեն:

Նշենք, որ մեզ հետ զրույցում «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը վերոնշյալի վերաբերյալ մի շարք խնդիրներ մատնանշելուց զատ՝ ընդգծել էր, որ Անձնական տվյալների պահպանության գործակալությունը պետք է վերահսկողություն իրականացնի, որպեսզի քաղաքացիների անձնական տվյալները պաշտպանված լինեն. «Անձնական տվյալները այլ երկիր փոխանցելուց առաջ՝ ընկերությունը պարտադիր պետք է ունենա Անձական տվյալների պաշտպանության գործակալության թույլտվությունը, որից հետո միայն իրականացնի գործընթացը»,-նշեց Շուշան Դոյդոյանը:

Սոնա Հարությունյան