Արցախի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով վիրավորում ստացած եւ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Արամ Մկրտչյանը (ծնվ. 1974 թ.) դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի հետ զրույցում հիվանդանոցից տեղեկացրին, որ ականի պայթյունի հետեւանքով վիրավորված մյուս հիվանդի' Գարիկ Ղահրիյանի (ծնվ. 1987 թ.) վիճակը գնահատվում է կայուն ծանր: «Հիվանդն արդեն կոմայից դուրս է եկել: Նա ինքնուրույն շնչում է, ուտում է»,-մեզ հետ զրույցում ասացին վերակենդանացման բաժանմունքից:
Գարիկ Ղահրիյանի մոտ կատարվել էր զույգ ստորին վերջույթների անդամահատում, ուներ հեմոռագիկ շոկ երրորդ ու չորրորդ աստիճանի, լրացուցիչ հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել ողնաշարի գոտկային մասի երրորդ, չորրորդ ողերի ու փոքր կոնքի ոսկրերի կոտրվածքներ:
Միջադեպը գրանցվել էր մարտի 29-ի առավոտյան: Միջազգային «HALO Trust» կազմակերպության աշխատակիցները, ովքեր Ղազանչի տեղանքում էին ականազերծման աշխատանքներ կատարելու նպատակով, մեքենայով պայթել են ականի վրա: Դժբախտ պատահարի հետեւանքով երեք մարդ մահացել է, երկուսը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: