Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը լեգիտիմ ընտրված նախագահ է: Մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ Արմեն Սարգսյանը նախագահ է ընտրվել նոր ընտրակարգով:
«Սա նոր ընտրակարգ է, խորհրդարանի կողմից ընտրություն էր. սա համաժողովրդական ընտրություն չէր, այն տարբեր էր նախորդ ընտրություներից և հիմա բարի գալուստ ենք ասում Արմեն Սարգսյանին: Մենք չպետք է վատը մաղթենք նրան, այլ բարին պիտի մաղթենք պիտի հույս ունենանք, որ կկարողանա իր փորձով և փափուկ խոսքով դնել ստեղծագործ Հայաստանի սկիզբը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Հովհաննիսյանը:
Նա հույս հայտնեց, որ Արմեն Սարգսյանը կկարողանա օգտագործել իր թեկուզ սահմանափակ լիազորությունները երկրի համար կարևոր փոփոխություններ առաջարկելու համար: «Արմեն Սարգսյանն ինձ հետ էր, երբ մենք բարձրացրինք մեր պետական դրոշը Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում, 1992թ. մարտի 2-ին, և ահա քանի տասնամյակներ անց նա դարձավ ՀՀ 4-րդ նախագահը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 9-ից անցում է կատարում լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի: Լրանում է Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Այսօր կառավարման նոր համակարգում նախագահի լիազորությունները ստանձնեց Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը: Նա երդվեց' ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 9-ին գումարված Ազգային ժողովի հատուկ նիստում հնչեց Արմեն Սարգսյանի երդումը. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»: Երդմնակալությունից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայրապետական օրհնանքի խոսք հղեց, որից հետո Արմեն Սարգսյանը հանդես եկավ ելույթով: