Անցյալ շաբաթ՝ ապրիլի 2-ին, Ամենայն Հայոց Հայրապետն ընդունել էր ազգային բարերար, ռուսաստանաբնակ ոսկերիչ և գործարար Գարուն Քոչարյանին: Բարերարն իր տիկնոջ՝ Սոնյա Քոչարյանի հետ հայրապետական խորհրդանիշերով զարդարված նոր գավազան էր նվիրել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Այն եզակի է, ստեղծվել է մեկ օրինակով և բացառիկ էսքիզներով: Նշենք, որ նոր գավազանը Վեհափառի ձեռքին էր զատկական պատարագին: Այնուհետև այն իր տեղն է գրավել Մայր Աթոռում պահվող կաթողիկոսական գավազանների կողքին:

Այսօր արդեն համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ համեմատական է անցկացվում Գարեգին Բ-ի նվեր ստացած 5 կգ-անոց գավազանի ու Հայաստանի աղքատության բարձր ցուցանիշի միջև: Տեսանյութին կից բաց նամակում ասվում է. 

 

«Վեհափառ Տեր, համացանցում հայտնված տեսանյութը, թե ինչ հրճվանքով եք 5 կգ ոսկուց ձուլված գավազան նվեր ստանում ռուսաստանաբնակ ոմն Գարուն Քոչարյանից զարհուրանքից բացի այլ զգացումներ չի՛ կարող արթնացնել: Այն ժամանակ, երբ Ձեր հոտի մի ահռելի մասը գոյատևելու տարրական միջոցներից է զրկված, երբ հայությունը կանգնած է այսքան մարտահրավերների առջև, Դուք, ամբողջովին կտրված իրականությունից, քաջալերում եք նմանատիպ նվերները և Ձեր մտքով իսկ չի անցնում հորդորել հարուստ հայերին այդ գումարները ծախսել առավել կարիքավոր ուղղություններով:

Դուք խրախուսում եք այս արատավոր մոտեցումները՝ Ձեզ նվերներ շռայլողներին «բարերար» կոչելով և խաղալով նրանց փառասիրության նուրբ զգայարանների հետ: Հենց նման մոտեցումներով է, որ վանում եք հավատացյալներին Հայ առաքելական եկեղեցուց»,- գրել է Հայ առաքելական եկեղեցու հետևորդ Արսեն Սարգսյանը:

Փաստորեն, թանկարժեք նվերի փաստը զայրույթ է առաջացրել հանրության մոտ, քանի որ ըստ նրանց՝ կաթողիկոսը պետք է նվիրաբերեր գավազանը բարեգործական նպատակների, ըստ երևույթին՝ օրինակ ունենալով Հռոմի Պապին: Հատկանշական է հիշել, որ դեռևս նախորդ տարի Հռոմի Ֆրանցիսկոս Պապը նվեր ստացած Lamborghini  թանկարժեք ավտոմեքենան նվիրաբերեց բարեգործական նպատակների:

Յուրօրինակ ավտոմեքենան արժեր 200 հազար դոլար: Իսկ Lamborghini Huracan-ը վաճառեց մեքենան՝ ստացված գումարը փոխանցելով բարեգործության:

Սոնա Հարությունյան