Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց բազմաբնակարան շենքերի, կրթական, պատմամշակութային, բժշկական հաստատությունների տարածքներում գիշերային ակումբների, կարաոկեների, դիսկոտեկների, սաունաների տեղակայումը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը:
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 89, դեմ՝ 4 պատգամավոր:
Նախագծերի փաթեթի նպատակն է կարգավորել հանրային կյանքը և բարձրացնել դրա որակը՝ սահմանելով ծառայությունների տեսակները, որոնք լինելու են սահմանափակման ենթակա: Դրանցից որոշների տեղակայման նկատմամբ կներկայացվեն որոշակի պահանջներ և սահմանափակումներ, որոշների նկատմամբ էլ միջոցներ կլինեն գիշերային ժամերին լռություն պահպանելու տեսանկյունից:
Սահմանափակման ենթակա օբյեկտներն են կարաոկեները, դիսկոտեկները, գիշերային ակումբները, բաղնիքները, սաունաները: Այդպիսի հաստատությունների կամ ծառայության օբյեկտների տեղակայումը կսահմանափակվի բազմաբնակարան շենքերի բնակելի կամ ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական, պատմամշակութային հաստությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում:
Գիշերային ժամերին լռության պահպանման համար համայնքի ավագանին կկարողանա տարանջատել երեք ժամային չափեր՝ 22:00-ից մինչև առավոտյան 07:00-ն, 23:00-ից մինչև առավոտյան 07:00-ն և 24:00-ից մինչև առավոտյան 07:00-ն:
Լռությունը խախտելու սահմանափակումը շրջանցելու դեպքում առաջանում է պատասխանատվության միջոց: Գործող օրենքով առաջին անգամ խախտելու համար կիրառվում է նախազգուշացում, երկրորդ դեպքում տուգանք 40 հազար դրամի չափով: Փաթեթով առաջարկվում է առաջին անգամ խախտելու դեպքում սահմանել 200 հազար-300 հազար դրամ, կրկնվելու դեպքում՝ 1 միլիոն դրամ տուգանք: