Ազգային ժողովը հունվարի 17-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ինչպես հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, բազմաբնակարան շենքի կառավարումը կդիտարկվի որպես մասնագիտացված գործունեություն:
Հունվարի 16-ին նախագծի անհրաժեշտությունը ներկայացնելիս Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ բնակարանային ֆոնդի սեփականաշորհումից և կառավարման մարմինների ձևավորումից ի վեր բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասով գիտելիքի, փորձառության և այլ պահանջներ սահմանված չեն: Մինչդեռ իրավական, տեխնիկական, վարչարարական և ֆինանսական գիտելիքների բացակայության պարագայում անհնար է ապահովել արդյունավետ կառավարում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է շենքերի տեխնիկական վիճակի վատթարացմանը:
Խնդրի լուծման նպատակով ընդունված օրենքով բազմաբնակարան շենքի կառավարումը կդրվի մասնագիտական հենքի վրա: Օրենքով ՀՀ կառավարության համար նախատեսվել են լիազորող նորմեր, որոնց հիման վրա 2022-2024 թթ. ընթացքում Կառավարությունը կսահմանի բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, անձանց վերապատրաստման և բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավելու կարգերը: Բացի այդ, մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխան՝ կմշակվեն և կկազմակերպվեն դասընթացներ:
Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականից:
Քաղաքաշինության կոմիտեից նաև հիշեցնում են, որ գործող օրենսդրությամբ բազմաբնակարան շենքերի կառավարումն իրականացվում է 3 եղանակով՝ համատիրություն, լիազորագրային կառավարում և հավատարմագրային կառավարում: Իսկ ձևավորված կառավարման մարմիններ չունեցող շենքերի կառավարումը, օրենքի համաձայն, պետք է իրականացնի համայնքը: