Արտաշատի 10 բազմաբնակարան շենքերի նկուղներում այս տարվա ընթացքում կիրականացվեն վերանորոգման եւ խողովակաշարերի նորացման աշխատանքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Բարեկարգ Արտաշատ» ՀՈԱԿ-ի տնօրեն Վալերիկ Վարդանյանը, կատարվելիք վերանորոգման աշխատանքների համար հատկացվել է 1մլն դրամ գումար:
Արտաշատ քաղաքում բազմաբնակարան շենքերի թիվը 127 է: Վարդանյանի պարզաբանմամբ, շենքերի խողովակներն ունեն 30-40 տարվա վաղեմություն, ինչն արդեն իսկ խոսում է այն մասին, որ դրանք բազմիցս վթարված են եւ կոռոզիայի ենթարկված: «Նկուղների խողովակների վիճակը տարեցտարի ավելի է վատանում, ինչի պատճառով այս շենքերից օրական ստանում ենք միջինը 5-6 ահազանգ: Լինում են նաեւ օրեր, երբ դրանց թիվը հասնում է 10-ի»,-նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ կազմակերպությունը բոլոր շենքերում առաջացած վթարները վերացնելու համար ամսական նախատեսում է 250-300 հազար դրամ: «Մե նք վերանորոգում ենք նույնիսկ բնակարանների ներսում առաջացած վթարները, ինչը չի մտնում մեր գործառույթների մեջ»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով վարձավճարների հավաքագրմանը՝ Վարդանյանը նշեց, որ քաղաքի բազմաբնակարան շենքերի 5050 բնակարաններից սպասարկման վարձերի եւ աղբահանությունն իրականացնելու նպատակով հավաքագրումները հնարավոր է լինում իրականացնել միայն բնարակարանների1/3-ից: «Վճարումներ կատարողները միշտ միեւնույն մարդիկ են: Մյուս բնակարանների մի մասում կամ բնակիչներ չկան, կամ էլ' բնակվում են վարձավճարի սկզբունքով, եւ իրենց մուծման պարտավորություն չեն ստանձնում»,-ավելացրեց նա:
Վերջին հինգ տարում ՀՈԱԿ-ի միջոցներով փոխվել են շենքերի ավելի քան 120 դռներ, խաղահրապարակներ են տեղադրվել մարզկենտրոնի շուրջ 20 բակերում' ճոճանակներով, կարուսելներով եւ մուլտիպլիկացիոն հերոսներով: Ամեն տարի իրականացվում են նաեւ տանիքների մասնակի վերանորոգման աշխատանքներ:
Լիլիթ Մաճկալյան