Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսեր Հրանտ Բագրատյանը «Հորիզոն» հաղորդման շրջանակներում խոսեց ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից: Անդրադառնալով հարցին՝ ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Պոմպեոն երեկ Սենատում հայտարարեց, որ ընդլայնելու են պատժամիջոցները և ունեն այլ գործիքակազմ, արդյո՞ք ԱՄՆ-ն կանի այդպիսի բան, թե ոչ Բագրանտյանը պատասխանեց. «Ես կարծում եմ բանը չի հասնի միջուկային հարվածի: Բայց սանկցիաների խորացումը բացասական իմաստով ազդում է Ռուսաստանի տնտեսության վրա»:
Միացյալ նահանգները հարվածում է ռուսական ընկերության հսկաներին, դա լո՞ւրջ խնդիր է՝ հարցին ի պատասխան Բագրատյանն ասաց. «Իհարկե լուրջ խնդիր է: Թեև Ռուսաստանը պարտքեր չունի և պետությունը հաուստ է, բայց բիզնեսը աղքատ է: Այն բարձր աշխատավարձերը, որ տալիս է օրինակ Գազպրոմը և մյուս ընկերությունները, դրանք վարկունակ են, բայց նաև նրանց վարկավորման ծանրաբեռնվածությունը միշտ բարձրանում է: Թեև պետությունը պարտք չունի, բայց ռուսական բիզնեսն ունի մոտավորապես 600 միլիարդ դոլարի պարտք արտասահմանյան բանկերին, առանց դրա յոլա չի գնում: Բանկերից փողը վերցնում մյուս բանկերի փողերն է փակում, սա արդեն պրոբլեմ է: Իսկ սանկցիաները նշանակում են, որ իրենք զրկվել են այդ վարկավորումից»,- ասաց տնտեսագետը:
Խոսելով հայաստանյան ներկայիս քաղաքական գործընթացների, նոր մարդկանց նոր պաշտոնների, ցույցերի մասին, արդյո՞ք հետևում է դրանց և ինչպե՞ս է գնահատում իրավիճակը, Բագրատյանը նշեց.
«Այդ պրոցեսներին չեմ հետևում, ինձ հետաքրքրում է տնտեսական քաղաքականության կառուցվածքը: Ես պատրաստ եմ ծառայելու այն մարդու, որ տեսնում եմ ավելի ճիշտ է այս ամենը հասկանում: Հզորագույն պրոբլեմներ եմ տեսնում գործող կառավարման համակարգում, տնտեսական քաղաքականության մեջ դրանք դժբախտաբար խորանում են: Սա հատուկ խոսելու առարկա է: Շուտով լինելու է կառավարություն, ծրագիր և առիթ կլինի այս մասին մանրամասնորեն խոսել, հանրության առջև ազնվորեն կկիսեմ իմ կարծիքը՝ ինչպես գնացող կառավարության գործունեության մասին, այնպես էլ՝ նորի սպասելիքներից»,- ընդգծեց Բագրատյանը: