Ինչպես և ակնկալվում էր՝ քաղաքական ապրիլը թեժ է ստացվում: Ընդդիմությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, երեկ Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների նախաձեռնման մասին, միևնույն ժամանակ, Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ցուցարարները որդեգրելու են պայքարի խաղաղ տեսակը, իսկ դա նշանակում է, որ հետագայում լարվածության առաջացման ողջ պատասխանատվությունն ընկնելու է իշխանության վրա: Երեկվա հավաքը բավական բազմամարդ էր, ինչը հույս է ներշնչում, որ Փաշինյանի նախաձեռնությունը կարող է մոտ ապագայում նաև գաղափարական և բովանդակային միս ու արյուն ստանալ: Արդեն իսկ ակնհայտ է այն տարբերությունը, որը կարելի է տեսնել նախկինում ընդդիմության ձեռնարկած փորձերի և այսօր Երևանի կենտրոնական փողոցներում տիրող իրավիճակի մեջ:
Թերևս Փաշինյանի մարտավարական գլխավոր հաղթանակը, պայքարի տրամաբանության և մեթոդաբանության առումով, որքան էլ տարօրինակ չհնչի՝ Ազատության հրապարակից դուրս գալն էր: Ազատության հրապարակը դարձել էր պարտության, իշխանության հետ ընդդիմության գործարքների, ընդդիմադիր պայքարների անկման յուրատեսակ խորհրդանիշ ու նաեւ ծուղակ: Բացի այդ, Ազատության հրապարակը չէր ենթադրում որեւէ գործողություն, իսկ Ֆրանսիայի հրապարակի փակումն արդեն իսկ գործողություն է եւ գործողության մեկնակետ: Սակայն հնարավո՞ր է արդյոք հասնել հաջողության, եթե ընդդիմադիր մյուս ուժերը ոչ միայն չեն միանում «Իմ քայլը» նախաձեռնությանը, այլև առաջարկում են պայքարի՝ իրենց օրակարգը:Փաշինյանը երեկվա իր ելույթում անդրադարձավ նաև այս հարցին, մասնավորապես, ԵԼՔ-ի իր գործընկերներին, ակնարկելով, որ Փաշինյան քաղաքական գործչին միանալու-չմիանալու խնդիր՝ որպես այդպիսին, դրված չէ, և Մարուքյան-Սարգսյան տանդեմը փաստացի չի ցանկանում միանալ ժողովրդին: Քանի որ ԵԼՔ-ի ճամբարից արձագանքներ դեռևս չկան, կարելի է ենթադրել, որ Մարուքյանը, այնուամենայնիվ, չի հրաժարվի տարբեր պատվիրակությունների կազմում ԱՄՆ այցելելու և Արմեն Աշոտյանի հետ լուսանկարվելու մեծագույն հաճույքից: Իսկ թե ինչպես դրան կվերաբերվի Սերժ Սարգսյանի վարչապետական ամբիցիաների դեմ պայքարի դուրս եկած ՀՀ շարքային քաղաքացին՝ ԵԼՔ-ի մաս կազմող մյուս ուժերին չի հետաքրքրում: Գուցե նրանք վստահ չեն պայքարի վերջնական հաղթանակի մեջ, և դա՞ է պատճառը, որ չեն ցանկանում անցավ գլուխները դնել ցավի տակ:
Սակայն, ինչպես երևում է երեկվա մարդաշատ ցույցից, իշխանությունները դասեր քաղել են: ՀՀԿ խորհրդի նիստը, որը պետք է կայանար Մելիք Ադամյան փողոցում, տեղափոխվեց Ծաղկաձոր, որտեղ անակնկալներ չգրանցվեցին՝ ՀՀԿ վարչապետի պաշտոնում առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ասել է թե՝ իշխանությունների աչքը վախեցել է և «ստրախովկայի» համար որոշել են փախչել որքան հնարավոր է հեռու և այնտեղ անել սև գործը: Հասկանալի է, որ սեփական ժողովրդից փախչող իշխանությունը չի կարող ներշնչել ոչ հարգանք, ոչ էլ վստահություն: Բացի այդ, իշխանությունները Փաշինյանի սկսած նախաձեռնությունը վարկաբեկելու ևս մեկ քողարկված փորձ կատարեցին: Տեղեկատվություն է տարածվել, թե այս օրերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոբիլիզացնում է իր մերձակա շրջապատին՝ Փաշինյանի հանրահավաքներին մասնակցելու համար: Սա գրեթե անհավանական տարբերակ է: Պարզ է միայն մի բան, որ հենց միայն Քոչարյանի մասին հիշատակություններն արդեն իսկ պիտի ստվերեն Փաշինյանի գործը և նրանից հեռու վանեն բազմաթիվ մարդկանց, ինչն էլ, միանշանակ, ձեռնտու է արտագաղթած և սեփական ժողովրդի հետ առերեսվելուց խուսափող իշխանություններին:
Ստելլա Խաչատրյան