«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կուսակիցներին կոչ է արել դուրս գալ փողոց եւ լինել ժողովրդի կողքին։ ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ ասվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին եւ կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում եւ մայրաքաղաք Երեւանում մոբիլիզացվել եւ դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին: Թերևս նման որոշման համար հիմք են հանդիսացել երեկ Ծառուկյանի և Փաշինյանի միջև կայացած հանդիպումը և այսօր վարչապետի ԺՊ Կարեն Կարապետյանի հետ սպասվող բանակցությունների վերջնական տապալումը: ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությանը հետևեց առաջին գործնական քայլը՝ իր պաշտոնից հրաժարական տվեց և համաժողովրդական շարժմանը միանալու հայտարարությամբ հանդես եկավ Սպորտի նախարարի ԺՊ Հրաչյա Ռոստոմյանը: Բացի այդ, Ծառուկյանի կոչին արդեն իսկ արձագանքել են բազմաթիվ անվանի մարզիկներ՝ այսօր հրապարակում կլինեն օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը: Այս պահին նրանք հավաքվում են ՀԱՕԿ-ի շենքի մոտ և պատրաստվում են միանալ ժողովրդին:
Ակնհայտ է, որ Գագիկ Ծաոուկյանը այսօր էլ ունի հանրային մեծ լեգիտիմություն ու հեղինակություն, եւ նրա միանալը համաժողովրդական շարժմանը, կարող է էականորեն փոխել ուժերի բալանսը: Արդեն իսկ տեղեկատվություն է տարածվում, որ Փաշինյան-Ծառուկյան հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել՝ դաշինքը կողմ կքվեարկի վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածությանը: Այսօրվա հայտարարության ֆոնին նման զարգացումներն ավելի քան տրամաբանական և հավանական են դառնում: Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու կարող է առաջադրել «Ելք» խմբակցությունը, որը խորհրդարանում ունի ընդամենը 9 պատգամավոր, իսկ վարչապետ ընտրելու համար անհրաժեշտ է ևս 44 պատգամավորի աջակցություն, քանի որ վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 պատգամավորի կողմ քվեարկություն: Այդ 44 պատգամավորից 31-ը կարող են լինել հենց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները:
Ծառուկյանի ղեկավարած խմբակցությունը միակն էր խորհրդարանում, որը մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականի հրապարակումը պաշտոնապես հայտարարեց, որ միանում է համաժողովրդական շարժմանը: Ավելին՝ Ծառուկյանն իր պատգամավորներին գործուղեց հրապարակ՝ տեղում ծավալվող շարժմանն ակտիվորեն աջակցելու համար: Իրավիճակը մի կողմից դարձյալ մոտենում է ֆորս-մաժորին, մյուս կողմից՝ բավական բարդանում Է իշխող՝ Հանրապետական կուսակցության վիճակն, այն իմաստով, որ եթե մինչ այս կային Նիկոլ Փաշինյան և իշխանություն՝ մի փուլում Սերժ Սարգսյանի, այս փուլում՝ Կարեն Կարապետյանի դեմքով, ապա այժմ արդեն միանում է և խաղի մեջ է մտնում Ծառուկյանը, ընդ որում՝ բաց տեքստով հակադրվելով իշխանություններին և կանգնելով համաժողվրդական շարժման կողքին: Եթե փողոցում «Իմ քայլը» շարժմանն ընդառաջ քայլ են անում խոշոր խաղացողներ, ինչպիսին Ծառուկյանն է, ապա դա նշանակում է նաև այդ «կշռին համարժեք» ակնկալիքներ և տրամադրություններ: Այս ամենից հետո շարժումը կրկնակի թափ է հավաքելու և վերջնական հաղթանակի հասնելու երաշխիքներն արդեն իսկ տեսանելի են: