Շարունակում ենք անդրադառնալ թավշյա պաշտոնյաների աշխատանքի կատարողականներին, իսկ ավելի հստակ՝ այն խոստումներին, որ վերջիններս տվել են, այնուհետև դրանց մասին պարզապես մոռացել, կամ ինչ-ինչ պատճառներով այդ խոստումները գրվել են սառույցին: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո անչափ կարևորվել էր մարզերի զարգացումը, նոր մարզպետների նշանակումը կոչված էր լիցք հաղորդելու, հեղափոխական շունչը մարզեր բերելուն: Հասա՞վ արդյոք այդ հեղափոխությունը Արմավիրի մարզ: Մամուլում քննարկման առարկա էր դարձել այն, որ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն իր բանուգործը թողած՝ զբաղված է մարզի տարածքում գործող գազալցակայանների զուգարանների սանիտարահիգիենիկ պայմանները ստուգելով:
Մինչդեռ մարզպետը ունի շատ ավելի կարևոր գործառույթներ, որոնցից մեկն էլ տրված խոստումները հետևողականորեն կատարելն է: Դիցուք՝ Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային 1-ին եւ 3-րդ շենքերի բնակիչների խնդիրը արդեն երկար տարիներ է՝ չի լուծվում: Բնակիչները հույս ունեին, որ հեղափոխությունից հետո, նոր իշխանությունները մի բան կանեն: 4-րդ կարգի վթարային այս շենքերում 22 ընտանիք է բնակվում, գրեթե բոլոր ընտանիքներում անչափահաս երեխաներ կան, իսկ շենքն, ըստ ԱԻՆ-ի, անգամ նորոգման ենթակա չէ, էլ ուր մնաց, թե բնակվելուն պիտանի լինի: Ամիսներ առաջ բնակիչները բողոքի ցույցեր էին անում կառավարության մոտ, մայիս ամսին անգամ համայնքի դպրոցի մուտքն էին փակել: Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը խոստացել էր խնդիրը լուծել: Խոստացել էր և ինչպես շատ հաճախ պատահում էր հին և բարի ժամանակների չինովնիկների հետ…մոռացել էր:
Մարզպետը նաև խոստացել էր լուծել չմշակվող հողերի հարցը, մինչդեռ այսօր Արմավիրի մարզում կա դեռ շուրջ 21000 հա հողատարածք, որոնք չեն մշակվում:
Տասնյակ տարիներ Մեծամոր քաղաքի բնակիչներին անհանգստացնող, գարշահոտություն տարածող, ինչպես նաև Զարթոնք և Եղեգնուտ գյուղերի հողատարածքները կոյուղաջրերով ոռոգվող մաքրման կայանի խնդիրը, որը պետք է լուծվեր, նույնպես ժամանակավոր լուծումներ է ստանում՝ իսկ խնդրի լուծման վերջնական տեսլականը այդպես էլ չի ուրվագծվում:
Խոստացված միլիոնավոր դոլարների ներդրումների մասին էլ, թերևս, խոսելը անիմաստ է. այս առումով Արմավիրը բացառություն չէ: