Նոր իշխանությունների ներկայացրած 2019-ի թվականի բյուջեի որոշ կետերին արդեն հասցրել ենք անդրադառնալ: Սակայն այսօր փորձենք վերլուծել այն խոստումները որոնք տրվել են Փաշինյանի թիմի կողմից, սակայն ըստ էության չեն կատարվել և դրա վառ ապացույցը հենց 2019-ի բյուջեն է: Շատերը այն անվանեցին համեստ կամ իռացիոնալ, սակայն այսօր արդեն իսկ կարող ենք ասել, որ այս բյուջեն սթափեցնող է:
 
Արդեն իսկ հասկանալի է, որ մասնավորապես Հայաստանի պետական պարտքը 2019 թվականին կավելանա շուրջ 200 միլիոն դոլարով՝ 7.1 միլիարդից հասնելով 7.3 միլիարդ դոլարի։ Ֆինանսների նախարարի խոսքվ, պարտք վերցնելու նպատակը ոչ թե ընթացիկ կարիքները հոգալու, այլ նոր արդյունք ստեղծելու համար է: Արտաքին պարտքը մեծացնելու համար նախկին իշխանություններին շատ էին քննադատում, բայց ներկայիս իշխանությունները, փաստացի, նույն ճանապարհով են գնում՝ կրկին պարտք վերցնելով, մինչդեռ ինքը Փաշինյանն էր հավաստիացնում, որ դրա կարիքը չի լինի:
 
Մյուս խոստումը վերաբերվում էր թոշակների բարձրացմանը, ինչը սպասվում էր հունվար ամսին: Սակայն 2019 թվականին թոշակների և աշխատավարձերի բարձրացում չի լինելու, չի բարձրանալու անգամ նվազագույն աշխատավարձը: Միակ բարձրացումը, որ նախատեսվում է այս բյուջեով նվազագույն կենսաթոշակին է վերաբերում. բազային կենսաթոշակը 60 տոկոսով ավելանում է, այսինքն` 16 հազար դրամից բարձրացվում է 25 հազար դրամի: Կենսաթոշակի այս ավելացումը, սակայն, ինչպես երևում է Սոցապ նախարար Մանե Թանդիլյանի պարզաբանումից, վերաբերելու է ընդամենը մի քանի հազար թոշակառուների, ովքեր 25 հազար դրամից ցածր են ստանում: Մնացած թոշակառուներն այս բարձրացումից չեն օգտվի:
 
Ի՞նչն է խանգարում կառավարությանը բարձրացնել թոշակները և հանրության աչքերում չերևալ հասարակ պոպուլիստ: Խանգարում է այն հանգամանքը, որ չեղավ սպասված նեդրումային բումը, բացի այդ ինչպես երևում է օլիգարխների կողմից կամավոր-պարտադիր սկզբունքով պետությունից գողացված և պետությանը հետ վերադարձրած գումարները որևէ կերպ չեն ազդել 2019-ի բյուջեի ընդհանուր պատկերի վրա: Նաև այս ասպեկտից պետք է դիտարկել արտահերթ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի շտապողականությունը՝ մինչև մայիս բազմաթիվ տրված խոստումներ են ջրվելու ինչը միանշանակ հասարակության վրա սթափեցնող ազդեցություն է ունենալու…
 
Ս. Խաչատրյան