Ազգային ժողովում սկսել են «Կուսակցությունների մասին» օրենքի և ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքները: Այդ մասին հայտարարել էր Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը' նաև հայտնելով, որ աշխատանքները համակարգելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը: «Իմ Քայլում» նախատեսում են ընդհանուր առմամբ Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքներն ավարտել 2020 թվականին և այն ներկայացնել խորհրդարանի քննարկմանը: Առաջարկվող փոփոխություններով՝ նախատեսվում է վերացնել թեկնածուների տարածքային ցուցակներն ու անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգի: Մյուս փոփոխությունը կարող է լինել ընտրվելու համար նվազագույն շեմի իջեցումը, և դա մեկնաբանվում է որպես կուսակցության բազմակարծության ապահովման փորձ: Ինչպես հայտնի է, այժմ կուսակցությունների համար ընտրվելու շեմը 5 տոկոսն է, դաշինքներինը' 7:
Չի բացառվում, որ փոխվի նաև կոալիցիաների ձևավորման կարգը: Ինչպես հայտնի է, Ընտրական օրենսգրքով, եթե որևէ կուսակցություն քվեարկության արդյունքներով չի ստանում մանդատների 51 տոկոսը, ապա հնարավորություն է ստեղծվում կոալիցիաների ստեղծման համար այն հաշվարկով, որ այդ կոալիցիաները կունենան ձայների 51 տոկոսը կամ 53 մանդատ: Եվ կոալիցիաները կարող են ձևավորվել առավելագույնը երեք կուսակցությունների միջև: Այս կարգը ևս կարող է փոխվել, սակայն վերջնական որոշում առկա չէ: Մյուս փոփոխությունը վերաբերում է ընտրագրավին: Այս մասին ևս շատ է խոսվել, և կուսակցությունների կողմից ևս բարձրաձայնվել է, որ այժմ գործող 8 մլն դրամ ընտրագրավը բավական մեծ գումար է կուսակցությունների համար:
Ինչպես տեսնում ենք, հնարավոր փոփոխություններում առկա են ինչպես դրական մեսիջներ, այնպես էլ ակնհայտ քայլեր, որոնք բխում են հենց տվյալ օրվա իշխանության շահերից: Մյուս կողմից, այս փոփոխությունները վկայում են նաև իշխանությունների շտապողականության մասին: Այն, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շատ մոտ է հրաժարականի դիմում գրելուն, որ Երևան քաղաքում չի կարելի բացառել և ոչ մի արտահերթ և արտառոց զարգացում, կասկածի տակ չի դրվում: Բացի այդ, Փաշինյանի քաղաքական թիմին լուրջ փորձություն է սպասվում գալիք ՏԻՄ ընտրություններում, հատկապես Իջևանում և Գյումրիում, որտեղ բավական թեժ մրցակցություն է սպասվում, և այնպես չէ, որ իշխանությունները կարող են խփել այնքան, որքան ցանկանում են: Պարզ է, որ «Իմ Քայլը» փորձելու է այս փոփոխությունները կատարել որքան հնարավոր է ավելի շուտ՝ տարատեսակ քաղաքական, ընտրական ֆորս-մաժորներից իրեն ապահովագրելու համար: