Այսօր շատերին է հուզում այն հարցը, թե ինչը կարող էր հիմք դառնալ «անցումային արդարադատության հրատապության հիմնավորման» համար, եթե ոչ դատարանների նկատմամբ անվստահության աճը։ Եւ ուրեմն, մինչ Քոչարյանի մերձավոր շրջապատը ոգևորված էր նրա կալանքի փոփոխման որոշմամբ՝ դա համարելով փոքր հաղթանակ, այդպես էլ չնկատեցին, որ դա նախապես պլանավորված ծուղակ քայլերից էր, որին պետք է հետևեին «շտապ անցումային արդարադատության» անցնելու «հանրային պահանջներ»: Այսինքն՝ քայլը նախապես լավ մշակված և պլանավորված էր։ Գաղափարն էլ, ըստ էության, ծագել է ոչ թե Փաշինյանի գլխում, այլ ինչ-ինչ նպատակներով Հայաստան գործուղված արեւմտյան փորձագետների կողմից:
 
Անցած տարվա հուլիսի 18-ին վարչապետ Փաշինյանը հանդիպել է Երեւան շտապած անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) եւ Սորոսի Բաց հասարակության հիմնադրամների արդարադատության նախաձեռնության փորձագետներին: Փորձագետները վարչապետին են ներկայացրել հետհեղափոխական եւ անցումային փուլերում տարբեր երկրներում արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումների փորձը, իրենց դիտարկումները Հայաստանում իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Մի քանի օր առաջ էլ Հայաստան է ժամանել Ռուբեն Կարանզան, ով ներկայում, որպես Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) փորձագետ, աշխատում է Նեպալի, Թիմոր-Լեստեի, Ինդոնեզիայի, Ֆիլիպինների, Իրաքի, Պաղեստինի, Լիբերիայի, Գանայի, Հարավային Աֆրիկայի, Քենիայի քաղաքականության մշակողների հետ։
 
Տեսության մեջ, ինչպես նշում են բարեփոխման կողմնակիցները, «անցումային շրջանի արդարադատությունը» բնավ նոր ու գերհզոր դատական ատյանի ստեղծում չէ, այլ ավելի շուտ՝ միջոցների համալիրի ներդրում՝ կապված մարդու իրավունքների պարբերական կամ զանգվածային խախտումների հետ։ Իշխանությունների մտահղացմամբ՝ այդպիսով կարելի կլինի ապահովել խախտումների զոհերի փոխհատուցումը, ինչպես նաև ստեղծել «հնարավորություններ քաղաքական համակարգի, հակամարտությունների և այլ պայմանների փոխակերպման համար, որոնք, գուցե, ընկած էին չարաշահումների հիմքում»։
 
«Նորարարության» հակառակորդները պնդում են, որ, այսպես կոչված, «անցումային արդարադատությունը» Հայաստանում լոբբինգի  է ենթարկվում Ջորջ Սորոսի կառույցների, ինչպես նաև Հայաստանի Հատուկ քննչական ծառայության կողմից, որի ղեկավարությունում «թավշյա հեղափոխությունից» հետո տեղ են գտել նրա սաները։
 
Նպատակը՝ հայկական էլիտային ակտիվներից և փողերից զրկելն է։ Տեսականորեն, այո՛, վտանգ կա, որ Հայաստանում կարող է ստեղծվել իշխանական կոշտ ավտորիտար համակարգ, բացի այդ, դժվար է ասել, թե ում շահերին են իրականում ծառայելու դրսից մեզ պարտադրված ռեֆորմները, և արդյո՞ք դրանք չեն սրելու արդեն իսկ եղած խնդիրները: Սակայն պետք է արձանագրել, որ Փաշինյանին այս հարցերն այնքան էլ չեն հուզում: Զգացվում է, որ իշխանությունները շտապում են ներդնել վերոնշյալ մեխանիզմները՝ գուցե հասկանալով, որ կես կամ մեկ տարի անց իշխանությունն այլևս կարող է նրանց ձեռքում չլինել...