Երևանին քաղաքապետարանի մուտքերի մոտ տեղակայված են ոստիկանական մեծ ուժեր, որոնք հնարավորություն չտվեցին Նիկոլ Փաշինյանին և ցուցարարներին ներս մտնել քաղաքապետարան։
Քաղաքապետարանի մուտքի մոտ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք Սերժ Սարգսյանին ասում են, որ սա արևմտյան Ադրբեջանը չէ, սա Հայաստանի Հանրապետությունն է, որտեղ կա ազատ ՀՀ քաղաքացի և ինքը պետք է հաշվի նստի այդ քաղաքացու հետ․ «Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն Հայաստանը փորձում են վերածել արևմտյան Ադրբեջանի, որովհետև ՀՀ-ում մի մարդը երկու անգամից ավել վերցնում է իշխանությունը։ Սերժ Սարգսյանը մտածում է, որ մինչև 100 տարեկան ինքը լինի, հետո թոռը լինի, հետո փեսեն լինի, հետո ծոռը»,-ասաց Փաշինյանը՝ ճաղերից այն կողմ գտնվող ոստիկաններին հորդորելով․ «Սիրելի՛ ոստիկան, քայլ արա, մերժի՛ր Սերժին»։
Նշենք, որ քաղաքապետարանի դիմացից ևս մի քանի ցուցարարներ բերման ենթարկվեցին, և ոստիկաններին հաջողվեց վերականգնել երթևեկությունը, որը մինչ այդ կաթվածահար վիճակում էր։
Այս պահին ցուցարարները երթով շարժվում են Գրիգոր Լուսավորչի պողոտա։