ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ապրիլի 19-ին հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Մ. Ռ.-ն, որը կասկածվում է ապրիլի 17-ին, ժամը 23-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում կատարված անկարգությունների մեջ: Մ. Ռ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացնում է, որ նախաքննությունը շարունակվում է:
Քիչ առաջ պարզ էր դարձել, որ մասնակիցներից մեկն էլ ձերբակալվել էր:
Հարուցված քրեական գործի տվյալներով՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի մի խումբ մասնակիցներ 2018 թվականի ապրիլի 17-ի ուշ երեկոյան Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում կոտրել են նշված տարածքում գտնվող ցուցանակները, լուսաֆորները և ճանապարհային նշանները, այնուհետև քարերով, մետաղյա իրերով հարվածներ հասցրել նշված վայր մոտեցած ոստիկանության երեք ծառայողական ավտոմեքենաներին՝ պատճառելով գույքային վնաս:
Դեպքի առթիվ 2018 թվականի ապրիլի 18-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով, որը նույն օրը, նախաքննություն կատարելու նպատակով, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից նշված քրեական գործի նախաքննության հետագա կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։
Ձեռնարկվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, անկարգություններին մասնակից անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ, հարցաքննվում տարբեր անձինք, զննության ենթարկվում դեպքի պահին կատարված տեսագրությունները։