ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 4 անձի կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է:
 
2017 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 02:30-ին, «Աստղիկ» ԲԿ-ից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 4 անձ` 1993 թ. ծնված Ն.Պետրոսյանը` կրծքավանդակի կտրած-ծակած վերքով, 1993 թ. ծնված Հ.Սարգսյանը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, 1992 թ. ծնված Հ.Մարտիրոսյանը` ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած, 1993 թ. ծնված Ա.Ավագյանը` կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով:
 
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են նույն վիճաբանության ժամանակ, պարզվել դեպքի վայրը։ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 4 անձ ճանաչվել է տուժող, որոնց թվում կան նաև ոստիկանության աշխատակիցներ։
 
Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ։
 
Վերջինս ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ցուցմունք տվել։ Կասկածյալը ձերբակալվել է:
 
Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտե