Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած երկու անձի սպանության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում այսօր ձերբակալվել է ևս երկու անձ՝ Ալիկ Բանդուրյանը և Արմեն Գասպարյանը, ովքեր համարվում են քրեական հեղինակություն և առավել հայտնի են «Քյավառցի Ալիկ» և «Բդո» մականուններով։

 

Նրանք կասկածվում են սպանության դրդչության մեջ։

 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող գեղեցկության սրահներից մեկում հնչած կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է երկու անձ՝ Երևան քաղաքի բնակիչներ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը, ևս մեկ անձ՝ Արամ Պետրոսյանը, հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ հատվածում, և նրա վիճակը գնահատվում է ծանր: Մ.Մուշեղյանի դիակի զննությամբ հայտնաբերվել են նաև կտրող-ծակող առարկայով պատճառված մարմնական վնասվածք՝ որովայնի շրջանում։

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում:

 

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը նոյեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրել երկու անձի՝ Մուշեղ Մուշեղյանի սպանության համար. Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից), Ռուբեն Խաչատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությանն օժանդակելը)։ Նույն օրը որոշում է կայացվել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան։

 

Այսպիսով՝ նոյեմբերի 18-ի դրությամբ նշված քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 2 անձ, ևս 3-ը՝ ձերբակալվել։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի