ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են քաղաքացիներ Դ. Կ.-ն և Գ. Ա.-ն՝ առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու կասկածանքով:

 

Հիշեցնենք, որ նույն հանցավոր արարքի կատարման համար նախկինում մեղադրանք էր առաջադրվել երկու այլ անձանց՝ Վ. Մ.-ին և Ս. Կ.-ին: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

 

Այսպիսով, 2016 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ՝ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործով քրեական հետապնդում է իրականացվում 4 անձի նկատմամբ:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը և նրա հետ համագործակցող իրավապահ մյուս մարմինները շարունակում են ձեռնարկել դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցանք կատարած անձանց նույնականացնելու և հայտնաբերելու համար անհրաժեշտ ինչպես քննչական ու դատավարական, այնպես էլ օպերատիվ-հետախուզական բոլոր հնարավոր միջոցները:

 

Նախաքննության հետագա ընթացքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն