ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը գտնում է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հրավիրված քաղաքական ակցիաներն ու հանրահավաքները որոշ դեպքերում անցնում են խաղաղ լինելու սահմանագիծը: «Չեմ կիսում կարծիքը, երբ տեղի ունեցող ցույցերն անվանվում են խաղաղ, առանց զենքի ցույցեր: Կարծում եմ՝ այդ հանրահավաքը որոշ դեպքերում անցնում է խաղաղ լինելու սահմանագիծը: Ոստիկանական շղթա ճեղքելը խոսում է ցույցի ոչ խաղաղ լինելու մասին: Կան խաղաղ, զենքով, բռնությամբ ուղղորդվող, կարգը խախտող, չխախտող և այլ իրավական բնութագրումներ: Հիմա շատ նորմալ եմ համարում, որ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգը», - ասաց Հարությունյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իր գլխավորած գերատեսչությունը չի արձագանքում վերջին օրերին Երևանում տեղի ունեցող իրադարձություններին՝ Հարությունյանն ասաց, որ յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով, խնդիրը Արդարադատության նախարարության գնահատման ոլորտում չէ: