ՀՀ սահմանադրության նոր նախագծի նպատակն է փոխել կյանքը սերունդների համար և դարձնել ավելի ժողովրդավարական ու բարկեցիկ: Միաժամանակ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վստահ է, որ Սահմանադրությունն անձեռք և անոտք գործիք է և ոչինչ չի փոխում, բայց ստեղծում է հնարավորություն փոփոխությունների համար: Ըստ Հարությունյանի՝ ի թիվս բազմաթիվ այլ փոփոխությունների, նոր Սահմանադրությունը խաղաղ իշխանափոխության հիմք է տալու: «Այն, ինչ արվել է, հիմք է խաղաղ իշխանափոխութան համար: Դա արվում է այն պատճառով, որ նա, ով չի ստեղծում հիմք խաղաղ իշխանափոխության համար, նա իր կյանքն ավարտում է բռնի իշխանափոխությամբ: Այս Սահմանադրությունն այն հենքն է տվել, որ ապահովի խաղաղ իշխանափոխություն, և դա բնական գործընթաց է ցանկացած նորմալ երկրի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասաց Դավիթ Հարությունյանը:

 

Նրա գնահատմամբ՝ Սահմանադրության ընդունման համար ամրագրված մեկ քառորդը նվազագույն շեմ շատ նորմալ է ժողովրդավարության համար քայլեր կատարող Հայաստանի համար: Ըստ նրա, բազմաթիվ երկրներում Սահմանադրությունն ընդունում են ոչ թե հանրաքվեով, այլ խորհրդարանի միջոցով' հաշվի առնելով, որ այն խոր և լուրջ մասնագիտական փաստաթուղթ է:

 

«Ժողովրդավարության առաջին քայլերը կատարելիս Հայաստանը ճիշտ որոշում է ընդունել ընտրելով նվազագույն շեմը: Կարծում եմ, որ տարիների ընթացքում նմանատիպ սահմանները վերանալու են, և բազմաթիվ հարցեր մտնելու են խորհրդարանական դաշտ»,- ասաց Հարությունյանը: Նրա գնահատմամբ՝ քննադատական խոսքերն այն մասին, որ հարցի առնչությամբ չկա հանրային վստահություն, նման է կախարդական շրջանի. եթե չկա հանրային վստահություն, եկեք ոչինչ չփոխենք, իսկ եթե ոչինչ չփոխենք, չենք ունենա հանրային վստահություն: Հարությունյանը նաև համոզված է, որ Սահմանադրության փաստաթղթի ընդունումից հետո կարճաժամկետ առումով Հայաստանում չի լինի մեկ կուսակցության դոմինանտություն: «ՀՀ պատմության մեջ որևէ համամասնական ընտրությունում իշխանությունը 40 տոկոսից ավել ձայն չի հավաքել, իսկ մեծամասնականով հավաքել է ձայների գերակշիռ տոկոսը' երբեմն մինչև 90: Եթե մի պահ աչքերս փակենք ու պատկերացնենք, որ չունենք քաղաքացիական հասարակություն, չունենք համացանց, հետևաբար, այդ ժամանակ էլ, կարծում եմ, որ որևէ կուսակցության չի հաջողվի մեծամասնություն ձևավորել խորհրդարանում»,- ասաց Հարությունյանը' հավելելով, որ խորհրդարանում պետք է կազմվեն կոալիցիաներ, ինչն ունի դրական ու բացասական կողմեր: Ըստ նրա, կոալիցիաների ձևավորումը թույլ է տալիս ունենալ ակտիվ բանավեճ, իսկ բացասականն այն է, որ թեպետ որոշակի կոալիցիոն քաղաքականության փորձին, քաղաքական մշակույթը մեզ մոտ այնքան էլ զարգացած չէ:

 

Սահմանադրության նոր նախագծի ընդունման համար դեկտեմբերի 6-ին Հայաստանում կկայանա հանրաքվե: