«Մենք կոնստրուկտիվ երկխոսության մեջ ենք ԱՄՆ-ի մեր գործընկերների հետ եւ հեռանկարները համագործակցության ակնհայտ են», – փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Վաշինգտոնում հանդիպել է Պետքարտուղարության, Գանձապետարանի, Կոնգրեսի, ինչպես նաեւ՝ Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ:
«Անդրադարձ լինում է Հայաստանի տնտեսական հեռանկարներին, քաղաքական իրավիճակին, ես ներկայացնում եմ, որ մեզ մոտ հաջողությամբ իրականացվում է անցումը խորհրդարանական համակարգի», – նշում է ՀՀ փոխվարչապետը:
Վաչե Գաբրիելյանի խոսքով, հանդիպումների ընթացքում բոլոր կողմերը բարձր են գնահատել Հայաստանում տեղի ունեցող ցույցերի խաղաղ բնույթը.
«Կողմերը շեշտում են, որ պետք է լինի խաղաղ բնույթ եւ որեւէ կողմից պետք չէ լինի իրավունքների սահմանափակում, ինչպես նաեւ՝ բռնի ուժի իրագործում, եւ նշում են, որ Հայաստանի կառավարությունը եւ մասնավորապես ոստիկանությունը, շատ արհեստավարժ է մոտենում այդ հարցերին»:
Վաչե Գաբրիելյանի զրուցակիցների կողմից գնահատվել է մասնավորապես կառավարության զուսպ արձագանքը ցույցերին, նշում է փոխվարչապետը.
«Գնահատականի է արժանացել խաղաղ ցույցերի վերաբերյալ Հայաստանի կառավարության դիրքորոշումը եւ այն գործողությունները, որոնք կիրառում է կառավարությունը զսպվածության տեսակետից, միեւնույն ժամանակ, շատ լավ ընկալում են, որ եթե կա իրավունքների խախտում, մասնավորապես, այլ կողմի իրավունքի խախտում, փողոցների փակում, մուտքերի փակում, դրանք ենթակա են օրենսդրական խախտումների տեսակետից հետեւանքների»:
Վաշինգտոնում միջազգային դոնոր կազմակերպությունների հետ Հայաստանի փոխվարչապետը քննարկել է նաեւ գործընկերության ընդլայնման հեռանկարները.
«Գործընկերության նոր ռազմավարության մեջ առաջին հերթին շեշտը դրվում է տնտեսական զարգացման հնարավորությունների, արտահանման խթանման եւ աշխատատեղերի ստեղծման տրամաբանության վրա»:
«Ամերիկայի Ձայն»-ի այն հարցին, թե երբ է Հայաստանի բնակչությունն ուղղակի զգալու երկրում գրանցված տնտեսական աճի դրական հետեւանքները, փոխվարչապետը նշեց, որ թեեւ թռիչքային աճ, որն անմիջապես զգալի կլիներ, չի նախատեսվում, սակայն, ներկա զարգացման տեմպերը նույնպես ունենում են ազդեցություն.
«Հարցը, որ դուք տալիս եք, անմիջական պատասխան չունի, այսինքն՝ ե՞րբ կլինի, որ զգան: Մարդիկ զգում են՝ փոքր կտրվածքով, բայց՝ անընդհատ»:
Վաչե Գաբրիելյանը տեղեկացնում է նաեւ, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է շարունակել աշխատանքները «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայից» աջակցություն ստանալու ուղղությամբ, այդ թվում եւ՝ արմատական քայլեր կատարելով կոռուպցիայի դեմ պայքարի միջոցով: