Բելառուսը ստեղծված բարդ իրավիճակում պատրաստ է օգնել Հայաստանին: Այս մասին այսօր, ժողովրդին և խորհրդարանին ուղղված ամենամյա ուղերձի ընթացքում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ անդրադառնալով Հայաստանում ծավալված իրադարձություններին։
Լուկաշենկոն ընդգծել է, որ Հայաստանի իրավիճակն իր գործը չէ, բայց ինքը ներգրավված է եղել գործընթացին և ամեն ինչ քննարկել է երկրի նախկին նախագահ Սարգսյանի հետ. «Ես ներողություն եմ խնդրում, իհարկե, դա իմ գործը չէ, բայց քանի որ ես ներգրավված եմ եղել այդ գործընթացում, և մենք քննարկել ենք այդ խնդիրը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ, և ես իմ դիրքորոշումը շատ թափանցիկ ձևակերպել եմ: Հայաստանը մեր միության մեջ է և օտար երկիր չէ։ Մենք պետք է հեռախոսազրույց ունենանք և հարցնենք, թե ինչով կարող ենք օգնել նրան»,-անկեղծացել է նա։
Լուկաշենկոյի խոսքով` ինքն անձամբ, երբեք ժողովրդին չէր կանգնեցնի պետության սահմանադրական հիմքերը «որևէ անձի համար» փոփոխելու ընտրության առջև։
«Եթե պետք էր ինչ-որ բան հարմարեցնել Սահմանադրությունը, ապա պետք էր ազնիվ վարվել: Մենք ինչ-որ ժամանակ այդ ուղղությամբ գնացել ենք, երբ հանեցինք նախագահի ընտրության սահմանափակումները: Եվ պետք չէր նախագահական հանրապետությունը դարձնել խորհրդարանական, իսկ խորհրդարանականը՝ նախագահական: Ահա սա էլ արդյունքը: Ժողովրդի հետ խաղալ չի կարելի, հակառակ դեպքում՝ կլինի այնպես, ինչպես եղավ Հայաստանում», - ասել է Բելառուսի նախագահը։
Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Մարդիկ բողոքում էին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:
Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։