Այն բանից հետո, երբ 2016թ. փետրվարին ՀՅԴ-ն հայտարարեց ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն ասել էր. «Դաշնակցության առաջին կոալիցիան եղել է երիտթուրքերի հետ, բոլորս գիտենք, թե մեր ժողովրդի գլխին ինչ եկավ, եւ ի վերջո՝ երիտթուրքերը հեռացվեցին իշխանությունից: ՀՅԴ-ի մյուս կոալիցիան եղել է նացիստական ուժերի հետ, եւ այդ ուժերն էլ իշխանությունից հեռացվեցին, հիմա՝ միգուցե ՀՀԿ-ից ազատվելու հնարավորությունը Դաշնակցության հետ կոալիցիա՞ն է»։ Այս օրերին, փաստորեն, ականատես եղանք հետեւյալ իրավիճակին. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՅԴ-ականներն առաջինն էին ողջունում Սերժ Սարգսյանի հրաժարականը` բողոքի ցույցերն էլ անվանելով երիտասարդության զարթոնք:
 
Այժմ ՀՅԴ-ականները կոչ են անում պաշտպանել համաժողովրդական շարժումը և նույնիսկ հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ: Լուրեր.com-ին որոշ տեղեկություններ են հասել առ այն, որ ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական ապահարզանն այնքան էլ սպոնտան չէր և բավականին լուրջ հաշվարկած և կոնկրետ նպատակ հետապնդող քայլ էր: Փաստացի, ՀՅԴ-ն պետք է ստեղծեր ՀՀԿ-ի հետ կապերը խզելու, ժողովրդին միանալու պատրանք և հավաստիացներ Փաշինյանին, որ ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ միանշանակ կողմ է քվեարկելու նրա թեկնածությանը; Եթե «Ծառուկյան» դաշինքն առնվազն մեսիջ է հղել, որ պատրաստ է աջակցել ժողովրդի թեկնածուի վարչապետ ընտրվելուն, ապա ՀՅԴ-ն լռում է: Ըստ էության, Փաշինյանն այսօր հենվում է ԵԼՔ-ի, «Ծառուկյան» դաշինքի և այժմ նաև՝ ՀՅԴ-ի պոտենցիալ քվեների վրա: Այս պարագայում, Փաշինյանին վարչապետ ընտրվելու համար անհրաժեշտ կլինի ընդամենը 6 «ճամբարափոխ» ՀՀԿ-ականի քվե: Ձեռք բերված ստվերային համաձայնությամբ՝ ՀՀԿ-ի հենց այդ 6-ի քվեն էլ ապահովվելու է Փաշինյանի համար, ամեն ինչ անելով, որպեսզի այլ «դասալիքներ» չլինեն: Այդ պարագայում Փաշինյանը գնում է ԱԺ՝ վստահ լինելով, որ ունի վարչապետ ընտրվելու համար անհրաժեշտ 53 քվեները: Սակայն բուն ընտրության ժամանակ, ճամբարափոխ ՀՀԿ-ները և ՀՅԴ-ն կողմ են քվեարկելու ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին; Դրա դիմաց ՀՅԴ-ն կստանա փոխվարչապետի և 4 նախարարի պորտֆել: Ստացվում է՝ ՀՅԴ-ՀՀԿ համատեղ ուժերով ծուղակ են լարում Նիկոլ Փաշինյանի համար:
 
Ստելլա Խաչատրյան