«Ռանդ» վերլուծական կորպորացիայի փորձագետները կարծում են, որ Ուկրաինայում հակամարտությունը պետք է հնարավորինս շուտ վերջ դրվի։ Սա հենց այն խորհուրդն է, որ փորձագետները տվել են ԱՄՆ իշխանություններին իրենց վերջին զեկույցում: Ինչպես գրում են վերլուծաբանները, Ուկրաինան կարող է ավելի շատ տարածքներ կորցնել երկարատև պատերազմի սցենարով։ Միաժամանակ զգալիորեն մեծանում է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման վտանգը։ Փաստաթղթում ասվում է, որ ամերիկյան իշխանությունները պետք է դադարեցնեն որոշումներ կայացնել՝ հիմնված պատերազմական ռազմավարության վրա, քանի որ Ուկրաինայում հակամարտության երկարաձգումը չափազանց անցանկալի և, հավանաբար, անդառնալի հետևանքներ կունենա հենց ԱՄՆ-ի համար։ Սա առաջին հերթին վերաբերում է տնտեսական խնդիրներին։ Բացի այդ, փորձագետների կարծիքով, եթե ամերիկյան իշխանություններն սկսեն նպաստել կայուն հրադադարի հաստատմանը, դա Կիևին հնարավորություն կտա զսպել Ռուսաստանի հետագա առաջխաղացումը։ Ավելին, «Ռանդ»-ի վերլուծաբանները խորհուրդ են տալիս Սպիտակ տան վարչակազմին խրախուսել Ուկրաինային անցնել պաշտպանության՝ հրաժարվելով ռազմական ճանապարհով վերադարձնել կորցրած տարածքները։ Ի վերջո, եթե Վաշինգտոնին հաջողվի վերջ տալ հակամարտությանը, փորձագետները զգուշացնում են ամերիկյան իշխանություններին զերծ մնալ Ռուսաստանի դեմ հետպատերազմյան կոշտ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի զինված առճակատման:
Սա նշանակում է, որ ամերիկյան իսթեբլիշմենթն սկսում է վերանայել իր մոտեցումը ուկրաինական քեյսին և հակված է չշարունակել դաշնակիցներին օգնություն տրամադրելը՝ ելնելով ԱՄՆ պետական շահերից: Պարզ ասած՝ ԱՄՆ-ն զոհաբերում է Ուկրաինային և սա մի պարագայում, երբ իշխանության դեռևս չի եկել Դոնալդ Թրամփը, ում մոտեցումները ռուս-ուկրաինական հակամարտության հարցում որևէ մեկի համար գաղտնիք չեն: Արևմուտքը, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ն, փաստացի ընդունում է, որ ՌԴ–ի դեմ վարվող իր ռազմավարությունը տանուլ է տրված և վերանայում է այն՝ ուկրաինացի ժողովրդի շահերի և նույնիսկ՝ կյանքի հաշվին:
Անշուշտ, այս փոփոխվող իրականությունը պետք է դաս լինի նաև ՀՀ իշխանությունների համար, որոնք արդեն անթաքույց են շրջադարձ կատարում դեպի Արևմուտք՝ հույս ունենալով այնտեղ գտնել աջակցություն, պաշտպանություն և օգնություն: Կիևի օրինակը ցույց է տալիս, որ եթե ՀՀ իշխանությունները չհրաժարվեն այդ քաղաքականությունից, ապա հաջորդ «Ուկրաինան» լինելու է Հայաստանը...